Հավաքի վայրերում ոստիկանության օրինական գործողությունները խոչընդոտող անձինք տարվում են բաժիններ. Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանությունը Երևան քաղաքում անցկացվող ապօրինի հավաքների վայրերում իրականացնում է հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման գործողություններ: Մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվում երթևեկությանը խոչընդոտող և քաղաքացիների իրավունքները սահմանափակող գործողությունները կանխելու և խափանելու ուղղությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Այն անձինք, ովքեր հավաքի վայրերում խոչընդոտում են Ոստիկանության օրինական գործողություններին, բերվում են ոստիկանության բաժիններ՝ վերջիններիս ինքնությունը պարզելու և վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար:
Հանցագործության կատարման կասկածի բացակայության դեպքում բերված անձինքն անհապաղ ազատ կարձակվեն ոստիկանության բաժիններից»,- հայտնել է Ահարոնյանը: