211652_close_icon
views-count6028 դիտում article-date 12:59 03-04-2018

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն է նշանակվել Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Անի Ապրահամյանը

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդը ՀՀ գիտության և կրթության նախարարությունում տեղի ունեցած նիստում միաձայն որոշել է հիմնադրամի տնօրեն նշանակել Նոտր Դամի համալսարանի (ԱՄՆ, Ինդիանա) ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանին՝ առաջարկելով հոգաբարձուների խորհրդի նախագահին վերջինիս հետ կնքել աշխատանքային պայմանագիր։ Խորհրդի նիստին հրավիրված ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով նորանշանակ տնօրենին, հույս է հայտնել, որ Անի Ապրահամյանի ղեկավարությամբ ազգային լաբորատորիան, կառավարվելով միջազգային ստանդարտներին համապատասխան, կարձանագրի գիտական լուրջ առաջընթաց։ Խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը, ներկայացնելով Անի Ապրահամյանին, նշել է, որ նա համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոս է, ԱՄՆ և Եվրոպական մի շարք երկրների գիտական կազմակերպությունների և միությունների անդամ (Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիա (AAAS), Ամերիկյան քիմիայի միություն (ACS), Ամերիկյան ֆիզիկայի միություն (APS), Sigma Xi, Նյու Յորքի գիտությունների ակադեմիա), ինչպես նաև ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության գիտական կազմակերպությունների տարբեր հանձնաժողովների անդամ: Անի Ապրահամյանը համանախագահում է ԱՄՆ-ի ազգային ակադեմիաների էլեկտրոնային իոնոյին կոլայդերի (Electron Ion Collider) հանձնաժողովը, հանդիսանում է Մաքուր և կիրառական ֆիզիկայի միջազգային միության (IUPAP) միջուկային գիտության կոմիտեի և նույն միության տարրական մասնիկների աստղաֆիզիկայի աշխատանքային խմբի, Հարավային Դակոտայի Գիտության և տեխնոլոգիաների կազմակերպության (Sanford Underground Laboratory) խորհրդի, ինչպես նաև միջուկային ֆիզիկայի ոլորտում գործող բազմաթիվ այլ գիտական հանձնաժողովների անդամ։ Անի Ապրահամյանն ունի նաև մի շարք ամերիկյան և եվրոպական գիտական ծրագրերի կառավարման փորձ՝ հատկապես միջուկային ֆիզիկայի և իզոտոպների արտադրության բնագավառում։ Նա 200-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է։ Անի Ապրահամյանն իր ներդրումն ունի նաև Հայաստանի գիտության զարգացման գործում։ ՀՀ վարչապետի 2009թ. որոշմամբ Անի Ապրահամյանը նշանակվել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումներն իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու համար անկախ փորձագիտական գնահատում անցկացնելու նպատակով ստեղծված Միջազգային փորձագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ վարչապետի 2011թ. որոշմամբ՝ հիմնադրամի փորձագիտական խորհրդակցական մարմնի անդամ և գիտական քարտուղար։ Երկու հանձնաժողովներն էլ գործում են ՌԴ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Օգանեսյանի նախագահությամբ։ Անի Ապրահամյանը նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին տնօրեն Աշոտ Չիլինգարյանին երկարամյա գործունեության համար` առաջարկելով ղեկավարել Կոսմիկական ճառագայթների կենտրոնը:

Նմանատիպ նյութեր