Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կարողությունը գրեթե 1 մլն դոլար Է
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անձնական կարողությունը գնահատվել է 104 մլն իեն (մոտ 980 հազար դոլար): Այդ մասին ասված է խորհրդարանի ստորին պալատի՝ իր պատգամավորների ունեցվածքի վերաբերյալ ապրիլի 2-ին տարածված պաշտոնական զեկույցում, հայտնում է Tass գործակալությունը։
NHK հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ վարչապետի ունեցվածքում ներառված են բանկերում ունեցած ավանդները, անշարժ գույքը, արժաթղթերը:
Աբեն, որը գլխավորում է կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, կարողության չափով գերազանցում է մյուս այն կուսակցությունների առաջնորդներին, որոնք ներկայացված են խորհրդարանում:
Ընդհանուր առմամբ Ճապոնիայի խորհրդարանի՝ հանգուցային ստորին պալատի պատգամավորի միջին կարողությունն այժմ կազմում Է 30 մլն իենից (282 հազար դոլար) փոքր-ինչ պակաս: