211652_close_icon
views-count7057 դիտում article-date 17:44 29-03-2018

Նախագահին քրեակատարողական վարչության պետը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված ծրագրերի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության Նախագահի հետ այսօր՝ մարտի 29-ին, աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների մասին՝ անդրադառնալով օրենսդրական բարեփոխումների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ՔԿՀ-ներում տրամադրվող առաջնային բուժօգնության որակի բարձրացման, էներգախնայողության ծրագրերի ներդրման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր ՔԿՀ-ներում իրականացվող համալիր ստուգումների և ուսումնասիրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին: ՔԿՎ պետը զեկուցել է, որ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված լրացումով սահմանվել են սննդի ընդունումից հրաժարված (հացադուլավորների) կալանավորված անձանց և դատապարտյալներին պահելու պայմանների առանձնահատկությունները: Մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխությամբ հստակեցվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի բազմազանության ապահովումը, անհրաժեշտ կալորիականության պահպանումը, ինչպես նաև սննդանյութերի և էներգիայի նկատմամբ օրգանիզմի բավարար ֆիզիոլոգիական պահանջի նորմերը: Հանրապետության Նախագահին Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է նաև 2017 թվականի ընթացքում Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի արդյունքները, ըստ որոնց՝ 11 քրեակատարողական հիմնարկներում առաջնային բժշկական օգնության տրամադրման համար ձեռք են բերվել և ՔԿՀ-ի բուժմասերին տրամադրվել շուրջ 90 միավոր անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և պարագաներ, իսկ քրեակատարողական ծառայության 800 բժշկական և ոչ բժշկական ծառայողներ վերապատրաստվել են «Բժշկական էթիկա և մարդու իրավունքներ» ծրագրի շրջանակում: Քրեակատարողական վարչության պետի զեկույցը վերաբերել է նաև ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգից բխող իրավական ակտերի նախագծերին, որոնց արդյունքում կհաստատվի ՔԿՀ-ների համար գնվող դեղերի և բժշկական նշանակության պարագաների պետական պատվերի ձևավորման կարգը, կստեղծվի Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, կիրականացվեն մի շարք այլ միջոցառումներ ևս: Օրենսդրական բարեփոխումների համատեքստում ՔԿՎ պետը ներկայացրել է նաև 2018 թվականի նոյեմբերի 1-ից կառավարության որոշմամբ ուժի մեջ մտնող՝ տեսազանգից օգտվելու հնարավորությունը այն օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից: Ներկայացվել է, որ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակում քրեակատարողական բոլոր հիմնարկներն ապահովվել են անհրաժեշտ կենցաղային պայմաններով՝ ջեռուցում, տաք ջրի ապահովում: Իրականացվել է նաև հիմնարկների պատերի և ծածկի ջերմամեկուսացում, կառուցվել ու վերազինվել են գազատարները և կաթսայատները, ներքին և արտաքին ջերմային ցանցերը, արտաքին լուսատուները փոխարինվել են էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներով, ներդրվել են արևային էներգիայի և տաք ջրի ստացման համակարգեր: ՔԿՎ պետը զեկուցել է նաև 2018 թվականին նախատեսած միջոցառումների մասին, որոնց թվում են «Աբովյան» ՔԿՀ-ում կարի արտադրության հիմնումը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայիս վիճակի բարելավումը, քրեակատարողական հաստատությունների օպտիմալացումը և արդիականացման ծրագիր մշակելու ուղղությամբ տարվող աշխատանքները, անազատության մեջ պահվող անձանց պիլոտային եղանակով սննդի ապահովման ծառայության պատվիրակված իրականացումը, միջպետական համագործակցության զարգացումը, ինչպես նաև քրեակատարողական ծառայության աշխատակիցների վերապատրաստումը: Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանն անդրադարձ է եղել նաև դեռևս առկա խնդիրներին: Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ հետևողականորեն շարունակել սկսված բարեփոխումները և առավել մեծ ուշադրություն հատկացնել դատապարտյալների, կալանավորված անձանց բուժծառայության, սննդի մատակարարման, անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաև աշխատանքներ տանել կոռուպցիոն ռիսկերի վերացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր