211652_close_icon
views-count2512 դիտում article-date 19:04 23-03-2018

Վարույթ է ընդունվել ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու ևս մեկ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել Երևան քաղաքում գործող 18+ ակումբի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության ևս մեկ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի` 19.05.2017թ.-ին` ժամը 01:30-ի սահմաններում, 18+ ակումբում սկսված վիճաբանության ընթացքում մի խումբ անձինք դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և ծեծել միմյանց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ակումբի տարածքում ծառայություն իրականացնող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներ Ա. Ա.-ի և Հ. Ս.-ի, ինչպես նաև ՊՊԾ գնդի այլ ոստիկանների կողմից բռնի ուժ է կիրառվել միջադեպի մասնակիցներից Լ. Ղ.-ի, Մ. Ղ.-ի և Ա. Ս.-ի նկատմամբ: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները ձեռնաշղթաներ անցկացնելով` հիշյալ անձանց գցել են գետնին և բռնություն գործադրել, այնուհետև, նստեցնելով ոստիկանական ավտոմեքենան, ծեծի ենթարկել նրանց: Լ. Ղ.-ի, Մ. Ղ.-ի և Ա. Ս.-ի նկատմամբ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների կողմից բռնություն գործադրելու առերևույթ հանցագործության առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կատարված` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար: Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացվել է, Հատուկ քննչական ծառայությունում ևս մեկ քրեական գործ է քննվում 18+ ակումբի դիմաց տեղի ունեցած խուլիգանության և ոստիկանների կողմից բռնություն գործադրելու մեկ այլ դեպքի վերաբերյալ, որին դարձյալ մասնակցություն են ունեցել վերը նշված ոստիկաններ Ա. Ա.-ն և Հ. Ս.-ն, ովքեր, համաձայն վիճաբանության մասնակիցների ցուցմունքների, ծեծի են ենթարկել վերջիններիս և միջոցներ չեն ձեռնարկել ենթադրյալ հանցագործությունների մեջ կասկածվող ակումբի աշխատակիցներին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր