4016 դիտում
18:43 22-03-2018
Նախագահին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը զեկուցել է իրականացված աշխատանքների և առաջնահերթ ծրագրերի մասին
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ընթացքում Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2017թ. նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքների և 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:
Ըստ նախարար Մարտիրոսյանի՝ 2017 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 181,7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ, որից շուրջ 70.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը մասնավոր ներդրումներ են՝ ուղղված էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ցանցերի վերազինմանը և արդիականացմանը:
Անդրադառնալով տրանսպորտի ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումներին՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ տաքսոմոտորային փոխադրումների կանոնակարգման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են հավասար մրցակցային պայմաններ ապահովելու բոլոր փոխադրողների համար՝ ներառյալ Էլեկտրոնային հարթակներով տաքսոմոտորային ծառայություններ մատուցողները: Նախարարի հավաստմամբ, միաժամանակ, լիցենզավորման պահանջների խստացման միջոցով կբարձրացվի տաքսոմոտորային փոխադրումների անվտանգությունը և սպասարկման որակը: Նախարար Մարտիրոսյանը տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության հետ կնքվել է տրանսպորտի բնագավառը կանոնակարգող նոր համաձայնագիր, որը միտված է կանոնակարգելու ՀՀ-ից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացները:
Երկաթուղու ոլորտում նախարարն առանձնացրել է համապատասխան թեստավորման և փորձարկման փուլերն անցած նոր էլեկտրագնացքի ներկրումը Հայաստան և նշել, որ 2018թ. մարտից մեկնարկել է դրա կանոնավոր շահագործումը, իսկ այս տարվա ընթացքում կանխատեսվում է նաև ձեռք բերել երկրորդ էլեկտրագնացքը:
Վահան Մարտիրոսյանը Նախագահին ներկայացրել է ճանապարհաշինության ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ պետական բյուջեի միջոցներով իրագործվող հիմնանորոգման ծրագրերի պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը դարձել է 5 տարի, կատարվել են նաև միջպետական, հանրապետական, համայնքային նշանակության ավտոճանապարհների կառուցման և վերականգնման, ինչպես նաև 5 կամրջի հիմնանորոգման աշխատանքներ: Ի կատարումն միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները անվտանգության տարրերով ապահովելուն ուղղված Նախագահի հանձնարարականի՝ նախարարը զեկուցել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրվել են հազարից ավելի ճանապարհային նոր նշաններ, 8500մ մետաղական արգելափակոցներ: Արգելափակոցներ են տեղադրվել նաև ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում՝ Սարավանում, Սիսիանում և Ֆիոլետովոյում: Այս գործընթացը, նախարար Մարտիրոսյանի հավաստմամբ, լինելու է շարունակական: Բացի այդ, 2017 թվականին Եվրամիությունը հաստատել է ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված 5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը, որը զգալիորեն կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Նախարարի զեկուցմամբ՝ իրականացվել է միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անձնագրավորում և ստեղծվել է ավտոմոբիլային ճանապարհների մասին տեղեկատվական բազա, որն ընդգրկվել է աշխարհի ամենախոշոր որոնողական համակարգի՝ «Google»-ի քարտեզի բազայում:
Վահան Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի և Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին:
Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման շրջանակում նախարարը զեկուցել է ՏՏ ոլորտում իրականացված ծրագրերի մասին՝ նշելով, որ 2017թ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծավալն աճել է 29,6%-ով և կազմել շուրջ 76 մլրդ դրամ:
Ներկայացնելով ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նախարար Մարտիրոսյանը նշել է, որ 2017թ. ստեղծվել է 570 ընկերություն, որից 281 ընկերություններին տրամադրվել է հարկային արտոնությունների հավաստագիր: Ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման նպատակով նախարարության և «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ համատեղ իրականացված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում հայտ ներկայացրած 30 թիմերից ընտրված «AR magic» և «Webex technologies» թիմերի կողմից ներկայացված առաջարկները ճանաչվել են լավագույնը: Այդ երկու ընկերություններից յուրաքանչյուրը, ըստ նախարար Վահան Մարտիրոսյանի, կստանա 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրման առաջարկ: Ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ստեղծել մասնավոր վենչուրային հիմնադրամ:
Վահան Մարտիրոսյանը զեկուցել է ՏՀՏ-ի ոլորտում միջազգային ընկերությունների ներդրումների ներգրավման և հայկական արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին՝ նշելով, որ արտերկրում արդեն բացվել է 7 գրասենյակ:
Անդրադառնալով կիբերանվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին՝ նախարարը նշել է, որ Ազգային անվտանգության խորհրդի կողմից հաստատվել է կիբերանվտանգության հայեցակարգը, և ներկայումս նախարարությունը միջգերատեսչական խմբի հետ աշխատում է կիբերանվտանգության ռազմավարության մշակման ուղղությամբ, որը ներառում է նաև ՀՀ կիբերանվտանգության կենտրոն ստեղծելու մասին հարցը:
2018 թվականին նախատեսվող ծրագրերի շարքում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը ներկայացրել է 2018-2019թթ. պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ճանապարհաշինական ծրագրերը, միասնական երթուղային ցանցի ձևավորման ծրագիրը, ուղևորափոխադրումների, այդ թվում՝ տաքսոմոտորային փոխադրումների անվտանգության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, տեխնիկական զննության և գազաբալոնային համակարգերի տեղադրման և վկայագրման գործընթացների կանոնակարգումը, ՏՀՏ ոլորտի զարգացման 2018-2030թթ. ռազմավարության հաստատումն ու դրա իրականացման մեկնարկը, 2019 թ. Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպումը, ՀՀ տարածքում Գլոնաս համակարգի չափումների հավաքագրման միասնական կայանի ստեղծումն ու գործարկումը:
Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել միջպետական ճանապարհների շինարարության ընթացքը և իրականացվող աշխատանքների որակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
910 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1405 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1075 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am