211652_close_icon
views-count4443 դիտում article-date 22:37 16-03-2018

Հրավառության նյութերի վաճառքը կարգելվի ֆիզիկական անձանց համար

Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում հրավառությունների կարգավորմանն ուղղված 2-րդ ընթերցմանը ներկայացվող նախագծերի քննարկման ժամանակ ընդունվեց իմ առաջարկը, որով հրավառության նյութեր կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց: Սա նշանակում է, որ հրավառության նյութեր վաճառողներին կարգելվի ֆիզիկական անձանց վաճառել հրավառության պարագաներ, իսկ խնջույքներ կազմակերպող իրավաբանական անձինք հրավառություն անելու նյութերը կգնեն միայն համայնքի կողմից տրված տարեկան թույլտվության հիման վրա և հրավառությունը կիրականացնեն իրենց մասնավոր տարածքում՝ օրվա հստակ սահմանված ժամին: Առանց թույլտվության հրավառության նյութի վաճառքը վաճառողի համար կառաջացնի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով: Հրավառություն իրականացնելու թույլտվության վճարի չափը կորոշի ամեն համայնքի ավագանին: Միևնույն ժամանակ, թույլտվության վճարը պետք է լինի տարեկան 50.000-300.000 ՀՀ դրամի սահմաններում: Առանց թույլտվության հրավառություն իրականացնողը կտուգանվի առաջին դեպքի համար 300 հազարից -1 մլն ՀՀ դրամով, երկրորդ անգամ՝ 1 մլն 300 հազարից - 2 մլն դրամով: Հուսով եմ, որ այս սահմանափակումները ինչ-որ չափով կօգնեն պահպանել քաղաքացիների երեկոյան և գիշերային հանգիստը: Հրավառությունների կարգավորմանն ուղղված նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ կընդունվի ԱԺ-ի առաջիկա հերթական լիագումար նիստերի ժամանակ: [b]ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյան[/b]

Նմանատիպ նյութեր