211652_close_icon
views-count3899 դիտում article-date 20:16 15-03-2018

Արցախյան ազատագրական շարժման և Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Օդեսայում

Մարտի 13-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Ուկրաինայի Հայերի միության Կիրովոգրադի մարզային համայնքային կառույցի աջակցությամբ Կիրովոգրադի մարզի Առևտրատնտեսական Պալատում կազմակերպվեց Արցախյան ազատագրական շարժման և Սումգաիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված «Ցեղասպանություն՝ հիշում ենք հանուն խաղախության և անվտանգության» թեմայով կլոր սեղան և «20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի հիշատակին» նվիրված փաստավավերագրական ֆիլմի փակ դիտում: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, ով իր խոսքում ներկայացրեց Ղարաբաղյան շարժման պատմությունը և հերոսական դրվագները, ազատ Արցախի զարգացման ուղին ու նվաճումները։ Ելույթին հաջորդեց ֆիլմի դիտում, որի ավարտից հետո գլխավոր հյուպատոս Ղուլյանն անդրադարձավ սումգայիթյան դեպքերին՝ շեշտելով, որ Սումգայիթում տեղի ունեցած բռնություններն Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էին Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման` արցախահայության արտահայտած արդար պահանջի։ Խոսքով հանդես եկան մարզային հայ համայնքային կառույցի ղեկավարը, Կիրովոգրադի մարզային խորհրդի փոխնախագահը, Կիրովոգրադի մարզպետարանի հասարակական խորհրդի նախագահը (ազգային փոքրամասնություններ), ովքեր իրենց ելույթներում քննադատեցին հայ ժողովրդի դեմ իրականացված բռնությունները՝ փաստելով, որ պետք է օգտագործել բոլոր հնարավոր հարթակներն այն լուսաբանելու համար, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նմանատիպ վայրագությունների կրկնությունը: Նույն օրը Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը մարզային և քաղաքային իշխանությունների, հայ և այլ համայնքային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ միասին այցելեց Կրոպիվնիցկի քաղաք և քաղաքի կենտրոնում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքար-հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհեց՝ ի հիշատակ սումգայիթյան անմեղ զոհերի:

Նմանատիպ նյութեր