ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ապագա կառավարության կառուցվածքը հստակեցնող օրինագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որով հստակեցվում է ՀՀ ապագա կառավարության գործունեությունն ու կառուցվածքը:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ օրենսդրական փաթեթում ներառված է մոտ 50 օրինագիծ՝ ընդգծելով, որ անընդունելի է այդքան շատ նախագծեր մեկ փաթեթով ընդունելը, ուստի իրենք դեմ են քվեարկելու:
Նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 32 պատգամավոր:
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից, 17 նախարարությունից:
Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը և Պետական վերահսկողության ծառայությունը կգործեն ՀՀ վարչապետի անմիջական ենթակայության ներքո: