211652_close_icon
views-count75719 դիտում article-date 20:45 06-03-2018

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. գյուղացիների ոչխարներին ապօրինաբար տիրացել են, սակայն Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները չեն փորձում «սայլը տեղից շարժել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարվա հունվարի 15-ին Արարատի մարզում տեղի ունեցած գողությունն այդպես էլ անասնատերերի համար մնում է անհասկանալի, քանի որ նրանք գիտեն՝ որտեղ են իրենց անասունները, ում մոտ են, սակայն չեն կարողանում ետ վերադարձնել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչներ՝ Արման Ասատրյանի, Կարեն Հավնանյանի և Սուրեն Բաքոյանի՝ ընդհանուր հաշվով՝ 62 գլուխ ոչխարներին տիրացել է Վեդի քաղաքի բնակիչ, ոմն Դավիթը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հուսահատ անասնատերերն ասում էին. «Հունվարի 15-ին ոչխարներին հովիվը տարել է մոտակայքում արածացնելու: Նրան է մոտեցել Դավիթը և խնդրել, որ ոչխարների մի մասը իրեն տա 2 օրով, տանի, վարկ ստանալու նպատակով խառնի իր ոչխարներին, գան, նայեն, որ վարկը հաստատեն: Իհարկե, հովիվը չի համաձայնվել, սակայն մթով եկել են և խաբեությամբ տարել: Դրանից հետո նրանք մեր մայր ոչխարները չեն վերադարձրել, բերել են Վեդիում գտնվող անասնագոմ, այնուհետև, այսպես ասած, իրենցով արել: Հովվի և այդ Դավիթի միջև պարտք ու պահանջ եղել է, սակայն դա չի նշանակում, որ հովվի պարտք գառների համար նրանք մեր մայր ոչխարներն էին տանելու: Այնուհետև մենք եկանք, պահանջեցինք, որ մեր ոչխարները ետ վերադարձնեն, սակայն մեկ ասում էին՝ Սիսիան են ուղարկել, մեկ այլ բան, այն դեպքում, երբ մենք մեր սեփական աչքերով տեսել էինք, որ դրանք Վեդիի անասնագոմում են: Այդպես գործը հասավ Ոստիկանություն, որտեղից էլ 1 ամիս հետո՝ Արարատի մարզային քննչական վարչություն: Արդեն 1 ամիս է, քննչականում է գործը, սակայն ոչ մի գործողություն չի արվում, քննիչը մեզ չի ընդունում, մեր զանգերին չի պատասխանում, դատախազն էլ ոչխարները պահ է տվել Դավիթին, որը վատ է վերաբերվում անասուններին, սատկում են»: Զրույցի ժամանակ մոտեցավ Դավիթի եղբայր Մելիքսեթը, ով չպատասխանեց ոչ մի հարցի և պահանջեց դադարեցնել նկարահանումը՝ ասելով, որ գործը քննչականում է. «Գնացեք, իրենք ձեր հարցերին կպատասխանեն»: Գյուղացիների միակ ապրուստի, օրվա սնունդ վաստակելու միջոց ոչխարները մինչև օրս գտնվում են Վեդիի այդ անասնագոմում, որը երևաց նաև լուսամուտից, սակայն նրանք այդպես էլ չգիտեն՝ ինչ է կատարվում իրականում, ով է կանգնած իրենց ոչխարներին տիրացողների թիկունքում: Նրանք խնդրեցին բարձրաստիճան իրավապահներին, որպեսզի իրենց գործին ընթացք տրվի, արդարություն հաստատվի և ոչխարները ետ վերադարձվեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր