211652_close_icon
views-count4282 դիտում article-date 13:43 02-03-2018

Ամասիայում տրվեց բրդի վերամշակման ծրագրի մեկնարկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 1-ին ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպեց «Մարդիկ կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի փորձագետ Սեդրիկ Բուսակի, Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տորոզյանի, «Առևտրի արդյունաբերական պալատի» Գյումրու մասնաճյուղի ներկայացուցիչ Ղարիբ Հարությունյանի, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ: Հյուրերը Շիրակի մարզպետին ներկայացրեցին Եվրամիության աջակցությամբ Ամասիա համայնքում բրդի վերամշակման արտադրամասի հիմնման ծրագիրը, որը մեկնարկում է մարտի 1-ից: Ծրագիրն ընթանալու է երկու տարի, իրականացվելու է Ամասիայի խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 10 բնակավայրերում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել վերամշակման և թելերի արտադրման հոսքագիծ Ամասիա համայնքում, բրդի լվացում, գզում, մանում, թելի արտադրություն, թելի բնական ներկում: Ծրագրով նախատեսվում է ինչպես հարակից գյուղական համայնքներում կարպետագործության զարգացում, այնպես էլ բրդյա արտադրանքի հետ կապված ծառայություններ մատուցող ՓՄՁ-ների գործունեության խթանում։ Ըստ պատասխանաների բրդագործության այս ձեռնարկն իրականացվելու է Ամասիայում, քանի որ միայն Ամասիան ունի բալբաս ցեղատեսակի ոչխարի բուծման մեծ հնարավորություններ, ներկայումս ունի շուրջ տաս հազար գլուխ ոչխար: Ծրագրի ֆինանսավորումը կազմում է 350 հազար եվրո, որից բրդի վերամշակման սարքավորումներ ձեռք բերելու համար պահանջվելու է հարյուր հազար եվրո: Սարքավորումները հիմնականում կներկրվեն Իտալիայից, և Չինաստանից, մասնակի չափով կլինի նաև տեղական արտադրության սարքավորումներ: Ծրագրի իրականացմանը կաջակցեն՝ ՀՀ Տարածքային և զարգացման, Գյուղատնտեսության նախարարությունները, Ամասիայի համայնքապետարանը, «Լենտեքս» ՍՊԸ-ն, «Մեգերյան կարպետ», «Թուֆենկյան» գորգագործական կազմակերպությունները: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կարևորեց ծրագրի իրականացումը Ամասիայի տարածաշրջանում, որը բացի տնտեսական լուրջ ազդեցությունից, կլուծի նաև սոցիալական խնդիրներ՝ կստեղծվի 60 աշխատատեղ Գյումրիում և Ամասիայում, կզարգանա ոչխարաբուծությունը, այն կդառնա շահութաբեր. «Ես անչափ կարևորում եմ այս ծրագրի իրականացումը, վստահեցնում եմ այն իրականացնելիս առաջացած խնդիրների դեպքում մենք պատրաստ ենք աջակցելու, շնորհակալություն եմ հայտնում ծրագրի իրականացմանն աջակցող բոլոր կողմերին»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր