6376 դիտում
22:16 27-02-2018
Երևանում կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը
Այսօր՝ փետրվարի 27-ին, Երևանում կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը, որը համանախագահել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:
Նիստին ներկա են գտնվել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ու Հայաստանի Հանրապետությունում Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը:
Միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր երկու երկրների տնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հարցերը վերաբերում էր էներգետիկայի, ենթակառուցվածքների, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, բանկային և ապահովագրական համակարգի, տեղեկատվական տեխնոլոգիանների, կրթության, առևտրի, տարածաշրջանային համագործակցության և բազմաթիվ այլ ոլորտներին։
Բացման խոսքում, ողջունելով նիստի մասնակիցներին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը.
«Անցնող մեկ տարվա ընթացքում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում նախանշված ծրագրերը բավականին հավակնոտ, բայց իրատեսական էին, որի համար պահանջվում էր ամենօրյա հետևողական աշխատանք: Այսօր, չսպասելով փորձագիտական քննարկումների արդյունքներին, արդեն կարելի է հստակորեն հայտնել, որ մենք մեր առջև դրված խնդիրների համար կարողացել ենք լուծումներ առաջարկել»:
Նախարար Մանուկյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. «Դրա վկայությունը երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններն են, որոնք նոր լիցք են հաղորդում մեր առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Բարձր մակարդակի հարաբերությունների մասին է վկայում նաև 2017թ. հոկտեմբերին ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն, որի ընթացքում ձեռք են բերվել կարևորագույն պայմանավորվածություններ»:
Նախարարն ընդգծել է, որ հայ-իրանական համագործակցության առկա ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում, և համոզմունք հայտնել, որ առևտրատնտեսական հարաբերությունները ցանկալի մակարդակի հասցնելու համար հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովն ունի իր առանձնահատուկ առաքելությունը` ապահովելու նախորդ 14-րդ համատեղ նիստի ամփոփիչ փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը, վեր հանելու առկա խնդիրները և նախանշելու հետագա անելիքները:
2017թ. hոկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Թեհրան այցելության ընթացքում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարվել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը, ինչը թույլ կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Կողմերը մեծապես կարևորել են նաև «Մեղրի» ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը: Իրան-Հայաստան տնտեսական, առևտրային հարաբերությունների զարգացման համար նշանակալի է համարվել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու դերը, վերջինիս և իրանական «Արաս» ազատ գոտիների համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Իրանի համագործակցության կարևոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, մուլտիմոդալ տարանցիկ փոխադրումները, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցմանը իրանական կողմի հնարավոր մասնակցությունը:Կարևորվել է երկու երկրների միջև ակտիվ համագործակցությունը նաև մաքսային մարմինների միջև: Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ նշվել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը:
Կողմերն ընդգծել են, որ տնտեսական համագործակցության համատեքստում լուրջ դերակատարություն կարող են ունենալ մասնավոր հատվածը ներկայացնող առևտրային կառույցների և հաստատությունների համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:
Նիստի ավարտին ստորագրվել է «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»:
[b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1993 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
544 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
514 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի