211652_close_icon
views-count3519 դիտում article-date 21:41 22-02-2018

Վարչապետը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները

Վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հնարավորություններն ու դրան ուղղված հետագա քայլերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Երկրի առաջ մղման գործիք» նախագծին, որում ներառված առաջարկությունները միտված են զբոսաշրջության խթանմանը, օդային հաղորդակցությունների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանը պետություն-մասնավոր համագործակցությամբ: Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Վարչապետ Կարապետյանը նշել է, որ 2017 թվականի ընթացքում արձանագրվել է Հայաստան այցելությունների 24, իսկ զբոսաշրջության՝ 18,7 տոկոսի աճ: «Մենք ցանկանում ենք ձեզ հետ խորհրդակցել և կախված այն սպասումներից, որ մենք ունենք, համատեղ մտածենք ինչպես անել, որ և ձեր գործերը լավանան, և ձեր կրեատիվությունը մենք մաքսիմալ օգտագործենք: Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք այցելությունների 9,8 տոկոսի աճ, սակայն արդեն փետրվարին նկատելի է 20 տոկոսի աճ: Նախորդ տարի մենք ձեռնարկել էինք որոշակի գործողություններ, որպեսզի Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր լինի ճանաչելի: Այս ուղղությամբ 2018-ին ևս ունենք հստակ ծրագիր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Այնուհետև ներկայացված նախագծի վերաբերյալ հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց դիտարկումներով և գնահատականներով, ներկայացրել զբոսաշրջության խթանմանն ուղղված տարբեր առաջարկություններ: Ամփոփելով՝ վարչապետը կոչ է արել լրացուցիչ, ավելի մանրամասն քննարկել ներկայացված նախագիծը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ և առաջարկությունների վերջնական փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Նմանատիպ նյութեր