ՀՀԿ-ն այս շաբաթ կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը. Շարմազանով
Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում կառաջադրեն այս շաբաթ։ Այդ մասին ՀՀԿԳ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, այս շաբաթ կհավաքեն անհրաժեշտ ստորագրությունները և կառաջադրեն Արմեն Սարգսյանի թեկնածությունը։
«Առաջիկա քառօրյայում առաջադրելու ենք նաև բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների թեկնածությունները։ Մենք կառաջադրենք մեր խմբակցության թեկնածուների անունները»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ թե՛ նախագահի, թե՛ բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունները լինելու են փակ, գաղտնի։
ՀՀԿ խոսնակը, սակայն, չհայտնեց թեկնածուների անունները, միայն նշեց, որ շատ պատրաստված անձինք են լինելու։
Ըստ Շարմազանովի, ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է նաև ՏիՄ ընտրությունների հարցը։
«ՀՀԿ-ն բոլոր 20 համայնքներում առաջադրել է թեկնածուների։ Մասնակցում են նաև ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։ Որերորդ անգամ մեր ոչ բոլոր գործընկերներն են մասնակցում ընտրությունների։ Կամ չեն կարևորում ՏԻՄ մարմինները, միգուցե չկան կայացած կառույցներ»,- ասել է Շարմազանովը և հավելել, որ ՀՀԿ-ն պատրաստ է ազատ մրցակցության։