211652_close_icon
views-count3727 դիտում article-date 09:58 13-02-2018

Թուրքիան կվերականգնի կամ վերջնականապես կխզի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ. Չավուշօղլու. «Ամերիկայի ձայն»

Թուրքիան պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերապրում են դժվար օրեր: Անկարան կամ կվերականգնի իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ կամ վերջնականապես կխզի դրանք, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամլո ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա այցելությունից առաջ: Արտգործնախարարն ընդգծել է, որ թուրքական կողմն ակնկալում է հստակ քայլեր Միացյալ Նահանգների կողմից, որոնք կվերականգնեն փոխվստահությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև: «Բնական է, որ կորել է վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ: Այն պետք է վերականգնվի: Մենք չենք ցանկանում այլևս լսել խոստումներ և երաշխիքներ: Ցանկանում ենք հստակ քայլեր տեսնել: Մենք կքննարկենք դա Թիլերսոնի այցի ընթացքում, քանի որ մեր հարաբերությունները չափազանց վճռական կետի են հասել: Մենք կամ կվերականգնենք դրանք, կամ կխզենք վերջնականապես: Չկա այլ տարբերակ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Հիշեցնենք, որ Սիրիայի Աֆրինի շրջանում քրդական զորամիավորումների դեմ թուրքական կողմի ձեռնարկած ռազմական գործողությունները սրել են թուրք-ամերիկյան հարաբերությունները: «Մենք այլևս չենք ուզում խոստումներ, ցանկանում ենք հստակ քայլեր տեսնել: ԱՄՆ-ի հետ համապատասխան հարցեր քննարկելու համար՝ անհրաժեշտ է վերականգնել փոխվստահությունը: Խնդիրն այն է, որ Թուրքիան երբեք չի դիմել ու չի դիմի որևէ գործողության ընդդեմ դաշնակիցների ու բարեկամների: Սակայն մեր դաշնակիցը՝ ԱՄՆ-ը, թույլ է տվել մեծ սխալներ ու բացթողումներ»,- ասում է արտգործնախարար Չավուշօղլուն: Նախագահ Էրդողանը Աֆրինի գործողությունների սկզբից պնդում է, որ թուրքական բանակը ռազմական գործողությունները կտեղափոխի նաև դեպի Մանբիջ քաղաքը, ուր տեղակայված են ամերիկյան զորքեր: Մանբիջի նկատմամբ վերահսկողության հարցը էլ ավելի է սրել հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև: Բացի այդ, վերջին շրջանում Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները զգալիորեն լարվել էին նախ այն բանից հետո, երբ կողմերը սահմանափակել էին վիզաների տրամադրումը միմյանց քաղաքացիներին, իսկ այնուհետև ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրաելի մայրաքաղաք ճանաչելուց հետո: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4250580.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր