211652_close_icon
views-count4686 դիտում article-date 23:05 12-02-2018

Ես ինձ մի քիչ հայ զգացի. Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտ

Այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց դեսպանի՝ Հայաստան գալուց առաջ հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները և այն վառ տպավորությունը, որ նա թողել է համայնքի ներկայացուցիչների վրա, և նշեց. «Կարծում եմ, որ գտնվում եք մի երկրում, որը ամենաջերմ ու առանձնաշնորհյալ հարաբերություններն ունի Ֆրանսիայի հետ: Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, կարծում եմ, ֆրանսիախոս հայկական համայնքներին հայրենիքի հետ կապելու մի նոր շրջափուլի սկիզբ կդառնա»: Մեր համայնքը միշտ ջերմորեն նշում է, որ երախտապարտ է Ֆրանսիայի պետությանն ու ժողովրդին, որ եղեռնից մազապուրծ հայության բեկորներին ընդունեցին, նրանց կյանքի և գոյության համար նպաստավոր պայմաններ ստեղծեցին, հնարավորություն ընձեռեցին ֆրանսիական բարեգութ հողի վրա հայկական օջախներ ու համայնքներ հիմնել: Ֆրանսիայում հաստատված հայությունը կազմակերպվել է, ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը, իր նպաստը բերել երկրի զարգացմանը՝ միաժամանակ պահպանելով իր ազգային նկարագիրը: Ինչպես Շարլ Ազնավուրն է բնորոշել, նրանք 100 տոկոսով ֆրանսիացի են և 100 տոկոսով հայ»: Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվելու նաև հայկական Սփյուռքի մեկ միլիոնանոց ֆրանսիախոս համայնքներում: Մինչև ամառ մենք քույրացնելու ենք Ֆրանսիայում գործող ամենօրյա հայկական դպրոցները Հայաստանի տարբեր դպրոցների հետ»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ժոնաթան Լաքոտը նշեց, որ իր համար Հայաստանում Ֆրանսիայի դեսպան լինելը նշանակում է ապրել ծայրաստիճան հյուրընկալ երկրում և գործ ունենալ կազմակերպված ու կարող հայկական համայնքի հետ. «Այո, Հայաստան գալուց առաջ ես գնացի Մարսել, եղա «A.R.A.M» թանգարանում, ընթերցեցի գաղթական հայերի տպավորությունները, հանդիպեցի համայնքի հետ ու ինձ մի քիչ հայ զգացի: Եվ հիմա ամեն շաբաթ ես լսում եմ որևէ միջոցառման մասին կամ մասնակիցն եմ դառնում նոր ձեռնարկի, որի նախաձեռնողը ֆրանսիայի հայ համայնքի ներկայցուցիչներն են: Կարծում եմ՝ այս տարի, ինչպես Նախագահ Մակրոնը հավաստեց հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հշատակի օրի կլինի ոչ միայն ձեր, այլ նաև ֆրանսիական օրացույցում»: Դեսպանը կարևորեց Երևանում ֆրանսիական համալիր կրթօջախ ստեղծելը՝ ամբողջացնելով մանկապարտեզ, տարրական, հիմնական և ավագ դպրոցի և ֆրանսիական համալսարանի շղթան, որպեսզի Հայաստանում ապրող ֆրանսիացիների և ֆրանսիախոս հայերի երեխաները լիարժեք կրթություն ստանան: Նա խոսեց նաև ինֆորմատիկայի լիցեյ բացելու նախաձեռնության մասին, որ հետագայում կդառնա համալսարանի ֆակուլտետներից մեկը: Նախարարը և դեսպանը համակարծիք էին որ Երևան-Մարսել և Երևան-Լիոն չվերթների բացումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր