5172 դիտում
21:07 09-02-2018
Հանրային քննարկում՝ ուղղված սննդամթերքի անվտանգության բարելավմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ փետրվարի 9-ին հանրային հարթակում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրներն ու վերահսկողության բարելավմանն ուղղված քայլերը, անդրադարձ է եղել նաև իրականացված աշխատանքներին ու հանրային սեկտորի հետ համագործակցության հնարավորություններին: Քննարկմանը մասնակցել են սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների միությունների, ինչպես նաև «Հետք» հետաքննող լրագրողների միության ներկայացուցիչներ, Ծառայության պատասխանատու պաշտոնյաներ:
Հասարակական սեկտորին են ներկայացվել «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված՝ թթվասերի փորձաքննության ցուցանիշների հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված վերահսկողության օպերատիվ արդյունքները, այն խնդիրները, որոնք բացահայտվել են կաթնամթերքի շուկայում և որոնք կարող էին հանգեցնել այդօրինակ խախտումների:
Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում արձանագրվել են համակարգային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին. կաթի մթերում առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, կաթի մթերման գործընթացի կազմակերպման, մնացորդային նյութերի, ինչպես նաև արտադրական պրոցեսների նկատմամբ ոչ պատշաճ փաստաթղթավորված և թերի հսկողություն (դիտարկումներ են իրականացվել այն բոլոր կազմակերպություններում, որոնց արտադրանքում «Հետք»-ն արձանագրել էր անհամապատասխանություններ՝ «Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Պարգև» ՍՊԸ): ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի բնորոշմամբ՝ սա արտադրողների մոտ որակի կառավարման համակարգերի բացակայության կամ, առկայության դեպքում, թերի կիրառման արդյունք է:
Ծառայությունը թթվասերի նմուշների փորձաքննությունների ամբողջական պատկերը կհրապարակի ամփոփելուց անմիջապես հետո: Քննարկման մասնակիցները փաստել են, որ հանրային սեկտորի ակտիվ ներգարվվածությունն անհրաժեշտ նախապայման է արձանագրված խնդիրները վերացնելու արդյունավետ մեխանիզմներ գտնելու հարցում:
Կաթնամթերքի շուկան, որպես բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտ, Ծառայության հսկողության առաջնահերթ ուղղություններից է եղել նաև անցյալ տարի: Միայն 2017 թվականին այս ոլորտում իրականացվել է 66 ստուգում և 14 դիտարկում. հայտնաբերվել է հիգիենայի խախտման 35, դեռատիզացիայի բացակայության 14, անձնակազմի բուժզննության խախտման 18, հումքի անվտանգության փաստաթղթերի բացակայության 25, փոխադրամիջոցի անհամապատասխանության 4 և լաբորատոր հսկողության բացակայության 15 դեպք: Խախտումների հիմքով կայացվել է արտադրական գործունեությունը կամ դրա առանձին գործառույթը կասեցնելու 22 որոշում, անձանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին 18 որոշում: Բազմաթիվ են եղել մակնշման անհամապատասխանությունները. տրվել են հանձնարարականներ, հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է այն բոլոր ծրագրերը, որոնք միտված են թե վերը նշված խնդիրների լուծմանը, թե, ընդհանրապես, սննդամթերքի անվտանգության բարելավմանը: Ամփոփ հաշվետվություն է ներկայացվել նաև 2017թ. վերահսկողության արդյունքների ու մեկնարկած ծրագրերի մասին: Ներկաների կողմից դրական է գնահատվել հատկապես սպանդանոցային մորթի անցման ծրագրերի իրականացման ընթացքը, հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրերի տրամադրման, ինչպես նաև մսի վաճառքի կետերի պայմանների բարելավման ցուցանիշները:
Ծառայության պետը խոսել է նաև սննդի շղթայի օպերատոր հանդիսացող արտադրություններում HACCP համակարգի ներդրման, լաբորատոր կարողությունների զարգացման, գյուղատնտեսական կենդանիների համարակալման, արտադրությունների ռեյթինգավորման, մոնիթորինգային ծրագրերի իրականացման մասին՝ շեշտելով, որ դրանք կապահովեն ոլորտի առավել վերահսկելիությունը, ՍԱՊԾ գործողությունների թափանցիկությունը և, որ ամենակարևորն է, կտան սննդամթերքի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ:
Հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների կողմից բարձրացվել են հարցեր սննդամթերքի մակնշման, հանրակրթական կառույցներում սննդի վերահսկողության արդյունավետ գործիքների մշակման ու մեխանիզմների ակտիվացման, սննդամթերքի կեղծումների դեմ համակարգային լուծումներ գտնելու մասին: Հնչել է առաջարկություն թիրախային ոլորտները հստակեցնելու, ռեսուրսները ճիշտ ու նպատակային բաշխելու, 2018թ. մոնիթորինգային ծրագրերում նոր ուղղություններ ավելացնելու վերաբերյալ:
Ծառայության պետը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ցանկացած ձևաչափով՝ ընդգծելով, որ միայն խնդիրն արձանագրելով դրանք լուծում չեն ստանալու. անհրաժեշտ է բացահայտել, թե շղթայի որ օղակում է առաջացել խախտումը, տալ համակարգային լուծումներ, ինչն էլ պահանջում է շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունն ու ջանքերը: Այս համատեքստում կարևորվել է հանրային ու պետական վերահսկողության մեկտեղումը՝ սպառողին առավելագույնս պաշտպանելու նպատակով:
[b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1960 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
Այս բաժնից
598 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
487 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
718 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am