211652_close_icon
views-count32230 դիտում article-date 00:41 27-01-2018

Բանակի օրվա նախաշեմին հարցազրույց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ

-Հարգարժա՛ն գեներալ, ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի այսօրվա մարտունակությունը, պատրաստվածությունը: -Կարծեմ մի անգամ էլ եմ ասել՝ մեր բանակի որակը, մակարդակը, պատրաստվածությունը մեր ոսոխն է գնահատում, որ իրեն զուսպ է պահում, չի փորձում ոտնձգություն կազմակերպել մեր սահմանների նկատմամբ: Մի անգամ 2016-ի ապրիլին շշկռեցին, փորձեցին, տեսան, որ էլի հայերն իրենց չոքացնում են: Ինչպես մենք 1989-94-ին էինք դաս տվել թուրք ազերիներին, երբ նրանք ստիպված ծնկաչոք հրադադար մուրացին, այնպես էլ 2016-ի ապրիլյանի օրերին մեր զորեղ տղաները պատժեցին թուրքին: Մեր բանակն ապացուցեց, որ ի զորու է կատարել ցանկացած մարտական առաջադրանք: -Երկրապահի եւ բանակի գործակցությունն ի՞նչ հիմքերի վրա է: -Ի՞նչ հիմքերի վրա կարող է լինել ծնողի եւ զավակի հարաբերությունը: Երկրապահը բանակի ծնողն է, բանակի ստեղծողն է: Մենք այսօր էլ մեզ չենք առանձնացնում բանակից: 1989-ից մենք դիրքերում ենք, խրամատում ենք: Հավատարմությունը երդմանը Երկրապահն ապացուցեց ապրիլյանի օրերին. մենք անմիջապես կանգնեցինք դիրքապահ հայ զինվորի կողքին: Մենք երբեք էլ չենք լքել խրամատը: Շարունակաբար լինում ենք սահմանային զորամասերում, մարտական հենակետերում: Քաջալերում ենք քաջ զինվորներին, սպաներին, ինքներս էլ լիցքավորվում ենք: -Այդ նպատակի՞ն են ծառայում դեպի Արցախ ուխտագնացությունները: -Նաեւ այդ նպատակին: Մենք տարվա ընթացքում մի քանի անգամ ուխտագնացություն ենք կազմակերպում դեպի Հայաստանի, Արցախի սահմանամերձ բնակավայրեր, առաջնագիծ, ծերանոցներ, մանկատներ, մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, հոսպիտալներ, այլուր: Լինում ենք բոլոր շեներում: Այցելում ենք զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներ: Ուխտագնացությունները հնարավորություն են տալիս երեկվա մարտական ընկերներին հանդիպելու, անցած-գնացած օրերը հիշելու, իսկ պատանի, երիտասարդ երկրապահների համար սրանք հայրենասիրության, հայրենաճանաչության, ինքնաճանաչողության կենդանի դասեր են: Ի դեպ, պատանի, երիտասարդ երկրապահները, որ ռազմահայրենասիրական դաստիարակություն են ստանում, ունեն սեր ընտանիքի, ծնողի նկատմամբ, հավատք Աստծո եւ պետության նկատմամբ: Մեր պատանիներն ու աղջիկները պատրաստ են ծառայել հայրենիքին, ազգին, պետությանն, թե՛ որպես զինվորական, թե՛ որպես Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի: Ուխտագնացություններին մասնակցում են ոչ միայն երեք սերունդների երկրապահներ, այլեւ մտավորականներ, զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների հարազատներ, տարբեր ոլորտների մասնագետներ: Երկրապահական ուխտագնացությունը միասնության քարոզ է, ողջ հայությամբ համախմբված լինելու կոչ: -Պարո՛ն Գրիգորյան, առջեւում նաեւ քաղաքական լուրջ փոփոխություններ են սպասվում: Ի՞նչ կանխատեսումներ ունեք՝ ովքե՞ր կնշանակվեն կարեւորագույն պաշտոններում: -Իրականում ոչ թե կադրային փոփոխություններ են լինելու, այլ՝ կառավարման համակարգի փոփոխություն: Խորհրդարանն ամբողջությամբ ստանձնելու է երկրի ղեկավարման պատասխանատվությունը: Թե՛ վարչապետին, թե՛ ՀՀ նախագահին, թե՛ ԱԺ նախագահին այսուհետ ընտրելու է խորհրդարանը: Այսինքն՝ Ազգային Ժողովի դերը բարձրանալու է: Իսկ թե ո՞վ որ պաշտոնում կլինի, կորոշի ընտրություններում հաղթած քաղաքական ուժն իր առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ընտրություն չի լինելու, ընտրությունը նախորդ տարի է եղել, եւ մեր ժողովուրդը լիազորել է Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմին որոշելու, թե առանցքային պաշտոններում ովքեր լինեն: Հանրապետականն էլ այնքան իմաստություն ունի, որ քննարկումներին մասնակից դարձնի ժողովրդի վստահության քվեին արժանացած եւ խորհրդարանում հայտնված մյուս ուժերին: Կարծում եմ՝ նոր կառավարությունը ձայների շատ լուրջ մեծամասնությամբ կձեւավորվի, այդ պատճառով էլ համարձակորեն ձեռնամուխ կլինի խնդիրների կարգավորմանը: Եկեք ազգովի միասնական լինենք եւ օգնենք ազգային կարեւոր խնդիրների հայանպաստ կարգավորմանը: Առաջադրված նախագահի թեկնածուն, օրինակ, ինտելեկտուալ անձնավորություն է, կայացած մասնագետ, ում հարգում են նաեւ Սփյուռքում եւ այլ երկրերի պետական շրջանակներում: Ես Արմեն Սարգսյանին ճանաչում եմ դեռ 90-ականներից: Առավել եւս վստահում եմ, քանի որ Սերժ Սարգսյանն է նրա թեկնածությունն առաջադրել: -Եվ վերջում դարձյալ օրվա խորհրդին անդրադառնանք: Երկրապահը Բանակի օրվա կապակցությամբ ինչ-որ միջոցառում անցկացնելո՞ւ է: -Բա սա մեր պետության կարեւորագույն տոներից է: Բանակը մեր երկրի ամենակայացած կառույցներից է: Բանակի օրվա կապակցությամբ Երկրապահի անունից շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, մեր բանակին՝ շարքայինից նախարար եւ գերագույն գլխավոր հրամանատար, շնորհավորում եմ մեր բանակի հիմնադիր, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, մեր նահատակ ընկերներին, հերոսներ ծնող հերոս մայրերին, մեր Մեծ մայրիկ Գրետա մայրիկին, բոլորին: Ցնծա՛ հայ ազգ, Հայաստանի Հանրապետություն, հայկական Արցախ պետություն, քանզի մենք հզոր բանակ ունենք, մեր եւ ամբողջ տարածաշրջանի անդորրը երաշխավորող պանծալի բանակ: Բնականաբար, Բանակի օրվան նվիրված միջոցառումներ անցկացվելու են ինչպես Երկրապահի վարչությունում, այնպես էլ՝ բոլոր մարզային խորհուրդներում, տարածքային բաժանմունքներում: Կազմակերպելու ենք նաեւ այցելություններ Եռաբլուր, բոլոր հուշարձաններին, եղբայրական գերեզմաններ, պանթեոններ: Հարցազրույցը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր