2017 թվականին Շիրակի մարզային փրկարարական վարչությունում ստացվել է 82 հազար 100 զանգ. մարզում գրանցվել է 661 արտակարգ դեպք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Շիրակի մարզում արտակարգ դեպքերն ավելացել են: 2017 եւ 2016 թվականների տվյալների համեմատությամբ աճ է  գրանցվել 39-ով: Հրդեհի 320 դեպք է արձանագրվել, հիմնականում խոտածածկ տարածքներ են այրվել: Հրդեհի հետեւանքով զոհվել է մեկ քաղաքացի: 
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանն ու ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկրար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը Գյումրիում էին: Նախարարության մարզային ստորաբաժանումներն ամփոփել են տարին: 2018 թվականի ընթացքում Գյումրիում 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատ կգործի:
Շիրակի մարզին ռադիոլոկացիոն համակարգ է հարկավոր, կարկտաբեր ամպերի դեմն առնել չի լինում: Շիրակը հարեւան Լոռու ռադիոլոկացիոն համակարգից է օգտվում, իսկ դա մեծ ծածկողականություն չունի: 
Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները լսել են նաեւ հրդեհային տեսչության, հիդրոմետ, սեյսմիկ ու մյուս ծառայությունների տարեկան ամփոփումները, տվել հանձնարարականներ թերությունները շտկելու եւ աշխատանքի որակը բարելավելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

