211652_close_icon
views-count6334 դիտում article-date 17:59 08-01-2018

Մարտին Շարբաթյան. Մեր նպատակը Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրն է

Անցած տարին հայկական հեծանվասպորտի համար միանշանակ հաջողված կարելի է համարել: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, Հանրապետական օլիմպիական հերթափոխի մանկապատենական մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանը. «Նախ և առաջ շատ ուրախ ենք հեծանվորդ Էդգար Ստեփանյանի՝ տասը լավագույն մարզիկների ցանկում հայտնվելու կապակցությամբ: Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ նման բան առաջին անգամ եղավ: Աշխարհի գավաթի խաղարկության նրա արծաթե մեդալը ևս աննախադեպ նվաճում էր: Էդգարը երկրորդ տեղը զբաղեցրեց Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոնների և մրցանակակիրների հետ պայքարում: Այս հաջողության հետևում նախագահ Արման Սահակյանի գլխավորությամբ մեր ամբողջ ֆեդերացիայի հսկայական աշխատանքն է: Հեծանվասպորտում շատ դժվար է հասնել նման հաջողության, իսկ մենք դա արեցինք այնպիսի մրցակիցների հետ պայքարում, որոնց բյուջեն հարյուրապատիկ ավելի է մերից: Ի դեպ, պետբյուջեից հատկացվող մեր ֆինանսավորումն այս տարվանից կավելանա, ինչի համար շնորհակալ ենք: Հաճելի է, երբ աշխատանքդ արժանիորեն գնահատում են: Առաջին անգամ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունենք: Մենք մասնակցում ենք 1996 թվականից, բայց միշտ «սպիտակ քարտով»: Այժմ Էդգարը հնարավորություն ունի սեփական ուժերով Տոկիոյի խաղերին մասնակցելու իրավունք վաստակել: Դա մեր գլխավոր նպատակն է և մեր ամբողջ ուժերն ու հնարավորությունները կուղորդենք դրան հասնելու համար: Ֆեդերացիայի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հերթափոխի պատրաստմանը: Լավ սերունդ է մեծանում, որն ապագայում կարող է փոխարինել առաջատարին: Կնշեմ Ռոբերտ Խաչատրյանին, Տիրան Մարտիրոսյանին, Լևոն Լավչյանին, Ամու Ասուբովին: Նրանք դեռ պատանիների տարիքային խմբում են հանդես գալիս, լավ արդյունքներ են ցուցադրում և կարող են առաջընթաց ունենալ: Ինչ վերաբերում է 2011 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի փոխչեմպիոն Մհեր Մկրտչյանին, ինչպես գիտեք, նա Ֆրանսիայում է, որտեղ էլ հանդես է գալիս տեղի ակումբում: 2017 թվականին նա անհաջող ընկավ հեծանիվից և վնասվածք ստացավ: Դրանից հետո նրան դեռ չի հաջողվել լավ մարզավիճակ ձեռք բերել: Այդ պատճառով մենք շեշտն Էդգարի վրա ենք դրել: Սակայն Մհերը լավ մարզիկ է, որը կարող է կրկին բարձր արդյունքներ ցույց տալ: Փետրվարի 28-ից մարտի 3-ը Հոլանդիայի Ապելդորն քաղաքում կկայանա հեծանպահրապարակի աշխարհի առաջնությունը: Էդգարը Հայաստանը կներկայացնի սկրեչ մրցաձևում, իմիջիայլոց այս մրցաձևում նա 16-րդն է Հեծանվորդների միջազգային միության (UCI) վարկանիշային աղյուսակում: Աշխարհի առաջնությունից հետո բոլոր արդյունքները կզրոյանան, և կսկսի պայքարն օլիմպիական ուղեգրերի համար: Ապագայում վարկանիշային միավորներ հնարավոր կլինի հավաքել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի փուլերում, Հեծանվորդների միջազգային միության (UCI) հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարերում: ՀՀՖ-ն նախագահի գլխավորությամբ ակտիվ աշխատանքներ է ծավալում հավելյալ ֆինանսական միջոցներ գտնելու ուղղությամբ, որպեսզի Ստեփանյանն ավելի շատ միջազգային մրցաշարերում կարողանա հանդես գալ: Չմոռանանք նաև պատանիներին, որոնց այս տարի սպասվում են հեծանվահրապարակի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները: Հանրապետության առաջնությունում մենք հատուկ սանդղակ կսահմանենք, որին հասնելով մարզիկները կկարողանան ներկայացնել Հայաստանը կարևոր միջազգային մեկնարկներում»,- եզրափակեց Մարտին Շարբաթյանը:

Նմանատիպ նյութեր