Վերահսկիչ պալատը 3 մեքենա կգնի՝ 33 մլն 570 հազար դրամով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը պատրաստվում է առաջիկայում ձեռք բերել 3 հատ մարդատար ավտոմեքենա:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունն այս տարվա պահուստային ֆոնդի հաշվին ՎՊ-ին հատկացրել է 33 մլն 570 հազար դրամ: Ըստ ՎՊ-ի պատճառաբանության՝ պալատի խորհրդի անդամներին սպասարկող մեքենաները ձեռք են բերվել 2007-2008 թվականներին և բավականին հին են ու մաշված: Այդ ավտոմեքենաներով ՎՊ-ի կողմից իրականացվում են վերահսկողական գործառույթներ ՀՀ տարբեր մարզերում: Սակայն դրանք հաճախակի խափանվում են՝ խոչընդոտելով բնականոն աշխատանքները: Իսկ այդ մեքենաների՝ հաճախակի իրականացվող վերանորոգման աշխատանքները շատ ծախսատար են և լրացուցիչ ֆինանսական միջոցներ պահանջող: Միայն թե, նկատենք, պարզ չէ, թե ՎՊ-ն ի՞նչ է անելու հին մեքենաները, կառավարությունն այն էժան գնով վաճառելո՞ւ է դրանց նախկին տերերին, թե՞ փոխանցելու է պետական այլ հիմնարկի հաշվեկշռի:
Հիշեցնենք, որ հաջորդ տարի ՎՊ-ն կվերանվանվի Հաշվեքննիչ պալատի, միաժամանակ որոշակի փոփոխություններ են լինելու այս կառույցի գործառույթներում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]