1669 դիտում
18:00 20-12-2017
ՀՀ դատախազությունը քայլեր է նախաձեռնում պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատապարտյալի ուղղմանը նպաստող պարտականություններ դնելու նպատակով
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է դատարանի կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելիս դատապարտյալների վրա որոշակի պարտականություններ դնելու իրավակարգավորումների և դրանց ռեալ իրականացման պրակտիկան: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համապատասխան իրավական նորմերը գործնականում չեն կիրառվում:
Դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ և 76-րդ հոդվածների իրավակարգավորումներով, հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելիս, վերջիններիս նկատմամբ պարտականություն սահմանելու հարցը չեն քննարկում, և արդյունքում այդպիսիք չեն սահմանում: Որպես հետևանք՝ այդ դատապարտյալների համար սահմանվող փորձաշրջանը վեր է ածվում բացառապես ժամանակի պարզ ընթացքի՝ առանց դատապարտյալի ուղղմանը, նրա կողմից նոր հանցանք կատարելը կանխելուն նպաստող որևէ գործողության:
Խնդիրն այն է, որ հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու և դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտների նշանակությունը ոչ միայն նշանակված պատիժը կամ դրա մի մասը անձի կողմից ռեալ չկրելն է, այլև նրա վրա այնպիսի պարտականություններ դնելը, որոնց կատարումը նպաստում է հանցագործության պատճառի և դրան նպաստող հանգամանքների վերացմանը, դատապարտյալի ուղղմանը: Այսինքն, պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքերում դատապարտյալի վարքագիծը պետք է վկայի նրա ուղղման մասին:
Ելնելով կատարված ուսումնասիրության և վերլուծության արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից դատախազներին տրվել է հանձնարարական՝ միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերում քրեական օրենքով նախատեսված՝ ուղղմանը նպաստող այլ պարտականությունները դատապարտյալի վրա դնելն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես հանձնարարվել է, որպեսզի այն դեպքերում, երբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում կամ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեմ առարկություն չի ներկայացվում, դատարանին առաջարկել դատապարտյալի վրա դնել քրեական օրենսգրքով նախատեսված, նրա ուղղմանը նպաստող պարտականություններ: Խոսքը վերաբերում է, օրինակ, որոշակի վայրեր չհաճախելուն, աշխատանքի բնույթի կամ տեղի փոփոխության մասին վերահսկողություն իրականացնող մարմնին տեղեկացնելուն, հանրօգուտ աշխատանքներում ներգրավվելուն, տուժողի և նրա ընտանիքի անդամների հետ չշփվելուն, հոգեբանական-վերականգնողական կուրսեր անցնելուն, կրթական ու մշակութային ծրագրերի մասնակցելուն և այլն: Բացի դրանից, հանձնարարվել է բողոքարկել այս առումով անհիմն և անօրինական դատական ակտերը:
Միառժամանակ, Արթուր Դավթյանը դիմել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ելնելով վերոնշյալ հանգամանքներից, քննարկման առարկա դարձնելու դատարանների կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքերում դատապարտյալների վրա ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված, ինչպես նաև դատապարտյալի ուղղմանը նպաստող այլ պարտականություններ դնելն ապահովելու ուղղությամբ միասնական մոտեցում որդեգրելու հարցը:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
18509 դիտում
15:03 11-06-2018
Մեղադրողը պահանջեց Սեֆիլյանի պատիժը մեղմացնել, իսկ Սաֆարյանի պատիժը՝ պայմանականորեն չկիրառել
20317 դիտում
20:27 19-01-2017
Կենտրոնի դատարանը պատգամավորի որդուն դատապարտեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեց
Այս բաժնից
871 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1321 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան