211652_close_icon
views-count6412 դիտում article-date 14:17 14-12-2017

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիբանանի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել դեսպան Մաքարունի գործունեությունը պաշտոնավարման շուրջ չորս ու կես տարիներին՝ ընդգծելով, որ նա, որպես բարեկամ երկրի գործուն դեսպան, մեծ ջանք է ներդրել հայ-լիբանանյան հարաբերությունների խորացման գործում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժան Մաքարունին և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ հույս հայտնելով, որ Հայաստանում Լիբանանի նոր դեսպանը նույնպիսի եռանդով իր ավանդը կներդնի երկկողմ միջպետական հարաբերությունների ակտիվացման գործում: Նախագահը կարևորել է հարաբերությունների խորացման ուղղությամբ շարունակական աշխատանքը՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանին և Լիբանանին հաջողվել է ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ծավալել փոխշահավետ գործակցություն միջազգային կառույցներում, զարգացնել միջխորհրդարանական, մշակութային, կրթական, գիտական շփումները, հարստացնել իրավապայմանագրային բազան: Սերժ Սարգսյանը և Ժան Մաքարունը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին որոշակիորեն ակտիվացել են լիբանանյան ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ:

Նմանատիպ նյութեր