211652_close_icon
views-count3056 դիտում article-date 21:50 11-12-2017

Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն առընթեր իրավապահ մարմինների ակադեմիայի պատվիրակությունը ժամանել է Հայաստան

Դեկտեմբերի 6-ից 9-ը Հայաստանում էր Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն առընթեր իրավապահ մարմինների ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտորի ժ.պ. Նաիլ Ախմետզակիրովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Ակադեմիայի առաջին պրոռեկտոր Շակիր Շայախմետովը, Միջազգային համագործակցության վարչության դատախազ Արդակ Սանսիզբաևը: Պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել էր Երևան՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով: Այցի օրակարգը չափազանց հագեցած էր՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից մինչև Ակադեմիայում վերապատրաստում անցնող դատախազների համար դասախոսություն, ռեկտորների առանձնազրույց, աշխատանքային հանդիպում Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամների հետ, քննարկումներ համագործակցությանն ուղղված հետագա քայլերի մասին և այլն: Այցի շրջանակում տեղի ունեցած գլխավոր միջոցառումը հուշագրի ստորագրումն էր, որի հանդիսավոր արարողությունը դեկտեմբերի 8-ին էր: Հանդիսությանը ներկա էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները՝ Խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, Ակադեմիայի դասընթացավարներ, ունկնդիրներ, հյուրեր: Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց գործընկերների հետ համագործակցության նախաձեռնությունը՝ միաժամանակ նշելով, որ արդեն իսկ իրականացվել են համատեղ քայլեր, որոնք լավ նախասկիզբ են հուշագրի ստորագրման և հետագա համագործակցության համար: Արմեն Հարությունյանը ողջունեց համագործակցությանն ուղղված քայլը և համոզմունք հայտնեց, որ նախաձեռնությունն օգտակար է և իր արդյունավետությունը կարճ ժամանակում կապացուցի: Նրա խոսքով՝ փորձի փոխանակման արդյունքում առաջիկայում կուրվագծվեն զարգացման առավել նպաստավոր ուղղություններ: Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ակադեմիայի անունից ներկաներին ողջունեց և Սերգեյ Առաքելյանին երախտագիտություն հայտնեց Նաիլ Ախմետզակիրովը: «Վստահ եմ, որ կրթության և գիտության ոլորտում համագործակցության ուղղությունները բազմաթիվ են՝ փորձի փոխանակման, ուսուցման ձևաչափերի, հեռաուսուցման մեթոդների և այլնի առումով»,-նշեց Ն. Ախմետզակիրովը: Նրա խոսքով՝ Ակադեմիայի հիմքի վրա Աստանայում ստեղծվել է Համաշխարհային սպառնալիքներին հակազդելու տարածաշրջանային կենտրոն: Այն միավորում է լավագույն փորձը և այնպիսի գիտնականների, որոնք աշխատում են հետապնդելով մեկ նպատակ՝ ապահովել Կենտրոնական Ասիայի ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը: Միայն վերջին տարվա ընթացքում Կենտրոնական Ասիայի իրավապահ մարմիններից այնտեղ վերապատրաստվել է 250 աշխատակից, անցկացվել են համատեղ գիտական հետազոտություններ: «Այդ առումով ուրախ կլինենք համագործակցել նաև Հայաստանի Արդարադատության ակադեմիայի հետ: Կարծում եմ՝ 2018 թվականը մեր երկրների համար կլինի կրթության, գիտության զարգացման և անվտանգության համակարգերի արդիականացման տարի»,-իր ելույթում նշեց Ն. Ախմետզակիրովը: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն առընթեր իրավապահ մարմինների ակադեմիայի ռեկտորի ժ.պ. Նաիլ Ախմեդզակիրովը ստորագրեցին հուշագիրը՝ իրավական հիմքերի վրա դնելով երկկողմ համագործակցությունը: Նաիլ Ախմետզակիրովը Ակադեմիայի ունկնդիրների՝ դատախազների համար հանդես եկավ նաև դասախոսությամբ: Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց հյուրին՝ նշելով, որ նա Ղազախստանում ոլորտի լավագույն մասնագետներից է: Դասախոսությունը նվիրված էր ինչպես իր գլխավորած ակադեմիայի աշխատանքի հիմնական ուղղություններին, այնպես էլ Ղազախստանի Հանրապետության դատախազության համակարգի գործունեության առանձնահատկություններին: Ղազախստանում շուրջ 5000 դատախազ կա, որոնց վերապատրաստումն իրականացնում է Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն առընթեր իրավապահ մարմինների ակադեմիան: Այն գործում է երկու և կես տարի, ունի մասնաճյուղեր երկրի տարբեր շրջաններում: Երկրում թվայնացման հնարավորությունների ակտիվ ընդլայնմամբ պայմանավորված՝ դատախազության համակարգի աշխատանքն առավելապես թվայնացված է: Այցի շրջանակում պատվիրակության անդամները նաև հնարավորություն ունեցան այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև լինել Մատենադարանում և ծանոթանալ մշակութային բացառիկ ժառանգությանը: [b]--- Արդարադատության ակադեմիայի համագործակցության և հանրային կապերի բաժին.[/b]

Նմանատիպ նյութեր