5266 դիտում
18:57 09-12-2017
ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացել է Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառում
Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի իրավական հարցերով տեղակալ Միգել դե Սարպա Սոարեսը, ով ներկայացնում էր ՄԱԿ Գլխավոր քարտուղարին։ ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը` որպես հիմնական բանախոս, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ հայտարարեց դրա համընդհանուր վավերացման նպատակով մեկամյա քարոզարշավի մեկնարկի մասին։
Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ում Բենինի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ժան-Կլոդ Ֆելիքս դո Ռեգոն և ՄԱԿ-ում Սենեգալի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆոդ Սեքը: Միջազգային քրեական դատարանի նախագահ Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին անդրադարձավ Ցեղասպանության կոնվենցիայի շուրջ զարգացումներին և առկա մարտահրավերներին։
Իր խոսքում դեսպան Մնացականյանը նշեց, որ դեկտեմբերի 9-ը որպես միջազգային օր հռչակելն իր մեջ խորհուրդ է պարունակում: Վերահաստատելով Կոնվենցիայի կարևորությունը, որպես ցեղասպանության հանցագործության կանխարգելման արդյունավետ միջազգային գործիք՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69/323 բանաձևը Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը փոխկապակցում է Կոնվենցիայի ընդունման օրվա հետ։
Զ. Մնացականյանը հավելեց, որ «անհանդուրժողականությունը, այլատյացությունը, ռասայական և էթնիկ խտրականությունը, ատելության հողի վրա իրականացված հանցագործություններն ու դրանց փառաբանումը, առավել ևս երբ դա խրախուսվում է քաղաքական առաջնորդների կողմից, պետք է մտահոգիչ լինի ողջ միջազգային հանրության համար և դիտարկվի, որպես վաղ ահազանգման միջոց»։
Դեսպան Մնացականյանը հիշատակեց Կոնվենցիայի 70-ամյակին ընդառաջ դրա իրազեկման բարձրացմանն ու համընդհանուր վավերացմանն ուղղված միջազգային քարոզարշավ իրականացնելու Հայաստանի նախաձեռնությունը: Նա հավելեց, որ Հայաստանը սատարում ու լիովին աջակցում է Ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդականի գրասենյակի մեկամյա քարոզարշավին՝ ուղղված Կոնվենցիայի համընդհանուր վավերացմանը:
Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ի անդամ-պետությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչներ և դպրոցականներ:
Տեղեկանք: 2015թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձևը, որով հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Նախաձեռնությունը բխում է ս.թ. մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված բանաձևի դրույթներից: Սույն բանաձևերն ընդգծում են ցեղասպանության զոհերի հիշատակման անհրաժեշտությունը, ինչը կարևոր դերակատարություն ունի կանխարգելման գործում։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին։ Հիշյալ բանաձևերը և միջազգային օրվա բարձրաստիճան միջոցառումները գալիս են լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը