ՀՅԴ-ն պատասխանատու չէ ՀՀԿ-ական պատգամավորների ասածների համար. Արմեն Ռուստամյան
«Մարդը մարդ է և պետք է լիարժեք իր ապրելու, սնվելու, գոյատևելու պայմաններն ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությանը, թե թանկացումն աղքատներին չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և կարագ, միս չեն գնում։
Նշենք, որ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին միացել է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խորով Հարությունյանը, ասելով, թե միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքները միևնույն է չեն կարող միս գնել:
Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների արտահայտած տեսակետներին, Ռուստամյանը նշեց, թե իրենց համար անընդունելի է մարդկանց հարուստների ու աղքատների բաժանելը:
«Դա մարդու իրավունքների կոնվենցիայի մաս է կազմում, երևի այդ ձևի պատգամավորները տեղյակ չեն դրանից, որ մեր երկիրը վաղուց միացել է այդ կոնվենցիային: Տարբերակում չի կարող լինել, սա միայն սոցիալիստ լինել-չլինելու հետ կապված չէ, շատ տարրական մարդասիրության և մարդ հասկացություն եզրույթը հասկանալու հետ է կապված»,- ասաց նա:
Ռուստամյանն, անդրադառնալով «Ֆեյսբուք» սոցցանցում սկսված Հակոբ Հակոբյանին մանդատից զրկելու ցույցին վերաբերվող հարցին, նշեց, որ իրենք պատասխանատու չեն առանձին պատգամավորների հայտարարությունների համար: