ՀՀ ՏԶՆ նախարարությունը և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը Հայաստանի մասին տեսահոլովակ են ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Գունեղ ու դինամիկ հոլովակը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  Չքնաղ բնություն, խորհրդավոր վանքեր, ջրվեժներ, քարանձավներ ու անկրկնելի տեսարաններ:
Հոլովակը մեր հայրենիքով շրջող զբոսաշրջիկի աչքերով ներկայացնում է հնամենի մի երկիր՝ հարուստ մշակույթով ու պատմությամբ և այդ մասին պատմող լուռ, սակայն խոսուն վկաներով:
Ճանապարհորդության սիրահարներին տեսահոլովակը կհուշի, որ  Հայաստան  այցելելով կարելի է վայելել երկրի  դեռևս անծանոթ համն ու բույրը, տեսնել շնորհալի արհեստագործների ստեղծած ինքնատիպ աշխատանքներ, ծանոթանալ թե՛ հին, թե՛ ժամանակակից ճարտարապետությանը, տպավորվել մայրաքաղաք Երևանով, հրաշալի ժամանակ անցկացնել ջերմ ու հյուրընկալ միջավայրում  և  հեռանալ տպավորված՝  կրկին Հայաստան վերադառնալու մտադրությամբ: 
Հոլովակը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:
*Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն զբոսաշրջության բնագավառի քաղաքականության  մշակման և իրականացման լիազոր մարմինն է:
**Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նպատակներն են աջակցել Լիազոր մարմնին՝ իրականացնելու զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականությունը,  ապահովելու համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը, ապահովելու հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


