211652_close_icon
views-count14447 դիտում article-date 18:59 05-12-2017

Ներկայացվել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը: Քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումներն այս տարի մեկնարկում են ավելի վաղ: Դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Ձմռան ամիսներին ամեն օր կգործի նաև Իրինա Ռոդնինայի սահադաշտը: Ամանորի հիմնական միջոցառումների հետ կապված Արամ Սուքիասյանը նշել է, որ դրանք կմեկնարկեն դեկտեմբերի 19-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ՝ Հանրապետության հրապարակում, կազմակերպվելու է «Նոր տարվա գիշերը» ծրագիրը: Միջոցառումը կուղեկցվի դիսկոտեկով, իսկ ուղիղ կեսգիշերին Նոր տարվա գալուստը կազդարարի տոնական հրավառությունը: «Այս տարի տոնական հիմնական միջոցառումներն ունեն մի շարք առանձնահատկություններ և նորամուծություններ: Մեր համաքաղաքացիների, ինչպես նաև քաղաքի հյուրերի համար այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներով հագեցած կլինեն նաև հունվարի 1-ը, 2-ը և 3-ը: Ազատության հրապարակում երիտասարդների, մեծերի ու մանուկների համար նախատեսված է հետաքրքիր ծրագիր: Այս տարի տոնական երթուղով կաշխատի «Երևան Սիթի Տուր» ծրագիրը: Այն կգործի դեկտեմբերի 20-ից՝ Հանրապետության հրապարակից», - նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ որոշակի նոր լուծումներ են սպասում նաև տոնական ձևավորման մեջ: Հունվարի 6-ը՝ տոնական օրացույցում ևս կառանձնանա: «Սուրբ Ծնունդը Երևանում» Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կնշվի տոնածիսական համերգային ծրագրով: Նշվել է, որ տոնական բացօթյա միջոցառումներ կանցկացվեն նաև վարչական բոլոր շրջանների կենտրոնական հատվածներում: Մայրաքաղաքում Ամանորի միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին: Հունվարի 2-7-ը՝ ժամը 11:00-17:00-ը, այցելուների համար բաց կլինեն նաև երևանյան թանգարանները՝ այդ թվում Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաև նախաձեռնությանը միացած ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության բազմաթիվ թանգարաններ: Տոնական միջոցառումների ծրագրերի մասին բնակչությանն իրազեկելու նպատակով տպագրված տեղեկատվական բուկլետում, որի օրինակները կբաժանվեն մայրաքաղաքի բնակչությանը, այս տարի ևս ներառված է «Օգտակար տեղեկություններ» բաժինը, որտեղ հատկապես մայրաքաղաքի հյուրերի համար ներկայացված է հունվարի 1-ից գործող սննդի և ժամանցի մի շարք վայրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն: Միջոցառումների ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բաղադրիչին, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան աջակցություն: «Երևանի քաղաքապետարանի կողմից տարվա ընթացքում իրականացվող տոնական ծրագրերը մշտապես ուղեկցվում են սոցիալական բաղադրիչով: Ամանորին ընդառաջ սոցիալական որոշակի խմբերի 23 հազար ընտանիքի կտրամադրվեն պարենային փաթեթներ: Մայրաքաղաքի շուրջ 40 հազար երեխաների համար էլ պատրաստվել են նվերների փաթեթներ: Բացի այդ, «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում 4000 երեխա հնարավորություն կունենա անվճար այցելելու թատրոններ և դիտելու ամանորյա ներկայացումներ», - տեղեկացրել է Արամ Սուքիասյանը:

Նմանատիպ նյութեր