211652_close_icon
views-count5927 դիտում article-date 16:18 03-12-2017

Հայաստանի ամերիկյան համալսարանում առաջին անգամ կանցկացվի կրթական նոր ծրագիր՝ 120 ՔՀԿ-երի համար

Առաջին անգամ Հայաստանում կրթական հավաստագրային ծրագիր է իրականացվում Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը: Դեկտեմբերի 4-ին, ժամը 9-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կսկսվի ՔՀԿ ներկայացուցիչների առաջին խմբի դասընթացը, որին կմասնակցի 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ ՀՀ յոթ մարզից։ Կրթական նոր ծրագիրն իրականացվելու է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ լսելի դարձնելն է։ Կրթական ծրագրի շրջանակներում հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով կուսուցանվեն 120 ՔՀԿ ներկայացուցիչներ՝ Երևանից և մարզերից։ Դասընթացների ավարտին ՔՀԿ ներկայացուցիչներին բուհի կողմից կտրվեն ավարտական հավաստագրեր: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Նմանատիպ նյութեր