211652_close_icon
views-count3954 դիտում article-date 17:31 28-11-2017

Ճամբարակում ՔՀԿ-ները քննարկեցին նոր օրենսդրության խնդրահարույց դրույթները

«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով կատարված նորամուծությունները քննարկվեցին Ճամբարակ քաղաքում և հարակից շրջաններում գործող քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կողմից։ Տեղի ունեցած քննարկում-դասընթացը կազմակերպվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցում էր 12 ՔՀԿ ներկայացուցիչ, որոնց ավելի քան 60 տոկոսը կանայք էին։ «Վերջին երեք տարում չեմ հիշում, թե մեր տարածաշրջանում այսպես ՀԿ-ները մի սենյակում հավաքվեին և մի կարևոր խնդիր քննարկեին»,- նշեց Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը՝ կարևորելով ծրագրի ներկայացուցիչների այցը Ճամբարակ։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակը Հայաստանում ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում։ Ծրագրի նպատակներն ու մինչ այս կատարված աշխատանքները ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։ Այնուհետև նա ներկայացրեց նոր օրենքի այն դրույթները, որոնց առավելագույնս ուշադիր պետք է լինել գործունեության ընթացքում։ Ծրագրի գործընկեր ՓՄՁ ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը ներկայացրեց ձեռնարակատիրության իրավունքից օգտվելու դեպքում ծագող հիմնական խնդիրները, որոնցից մեկն այն է, որ ներկայումս բավականին բարդ է հասկանալը, թե որ եկամուտներն են համարվում ձեռնարակատիրությունից ստացված և հարկվում, իսկ որ եկամուտները՝ ոչ։ Նրա խոսքով, այս հարցի վերաբերյալ նախնական պատասխան է ստացվել, որ ֆինանսների նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որին կարելի է դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը և ստանալ խորհրդատվություն այն մասին, թե կոնկրետ եկամուտների դեպքում հարկում կլինի, թե՝ ոչ։ Գնահատելով համագործակցությունը Ճամբարակի միջոցառմանը հրավիրված էր նաև Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի համակարգող Արեգ Թադևոսյանը։ Վերջինս դասընթացի մասնակիցներին ներկայացրեց սոցիալական ձեռնարակատիրությամբ զբաղվելու և հաջողելու կարևորագույն սկզբունքները, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, ինչպեսև խորհրդատվություն տվեց ոլորտային հարցերի վերաբերյալ։ «Արեգունի» սոցիալական զարգացման ՀԿ նախագահ Գայանե Խաչատրյանն էլ մեծապես կարևորեց իրենց քաղաքում նման միջոցառման կազմակերպումը՝ նշելով, որ հաճախ ոլորտային նորությունները իրենց ավելի ուշ են հասնում։ Եվ այս դասընթացի արդյունքում պարզ դարձավ, որ ուժեղ և ազդեցիկ լինելու համար անհրաժեշտություն է ՀԿ-ների ցանցեր ստեղծելը, ինչի ուղղությամբ պետք է աշխատանք տարվի։ Նշենք, որ քննարկում-դասընթացից հետո «Կառուցողական երկխոսության հանձնառություն» և «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրերի ներկայացուցիչները այցելեցին մարզում գործող սոցիալական ձեռնարկատիրություններ՝ Clay House կերամիկական արտադրամաս և «Արեգ» տիկնիկային թատրոն։ Այստեղ նույնպես ձեռնարակտիրական գործունեության վերաբերյալ ծրագրի ներկայացուցիչները իրավաբանական, հարկային և բիզնես ոլորտին առնչվող խորհրդատավություն տվեցին։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամաբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:

Նմանատիպ նյութեր