211652_close_icon
views-count5434 դիտում article-date 23:14 21-11-2017

Արա Բաբլոյանն ընդունել է Բելառուսի խորհրդարանական պատվիրակությանը

Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է երկու երկրների Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ընդլայնման գործում: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությանը: Նա նշել է, որ համագործակցելով ԵՄ հետ՝ Հայաստանը պատրաստ է հնարավորություններ ստեղծել իր ԵԱՏՄ գործընկերների համար՝ բացելով դռները նոր շփումների եւ արդյունավետ փոխգործակցության առջեւ: Արա Բաբլոյանի խոսքով՝ մեր երկրները շուրջ ութսուն պայմանագիր եւ համաձայնագիր են ստորագրել մասնավորապես տնտեսության, առեւտրի, գիտության, առողջապահության եւ գյուղատնտեսության բնագավառներում համագործակցությունը խթանելու նպատակով: ԵԱՏՄ հարթակը նոր հեռանկարներ է բացում անդամ երկրների առջեւ: Բոլեսլավ Պիրշտուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նույնպես արդյունավետ է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը եւ նշել, որ թեեւ տնտեսական համագործակցությունը խորհրդարանական տիրույթում չէ, սակայն մեծ է ցանկությունը նպաստելու առեւտրատնտեսական կապերի աշխուժացմանը: Բելառուս խորհրդարանականը մասնավորապես կարեւորել է համագործակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ, անասնաբուծության, տրանսպորտի ոլորտներում: Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ Բոլեսլավ Պիրշտուկը նշել է, որ պետք է իրազեկել քաղաքացիներին, կազմակերպել ճանաչողական փոխայցեր: Անդրադառնալով համագործակցության զարգացման հեռանկարներին՝ Բոլեսլավ Պիրշտուկը նշել է, որ անհրաժեշտ է փոխլրացնել միմյանց՝ ընդլայնելով շփման շրջանակները եւ փոխգործակցության բնագավառները:

Նմանատիպ նյութեր