211652_close_icon
views-count2632 դիտում article-date 20:04 03-11-2017

Արա Բաբլոյանն ընդունել է Իրաքի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակությանը` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ իրաքցի խորհրդարանականների այցը կնպաստի հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների, հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը: Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի` արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը եւ այդ համատեքստում Իրաքի հետ համագործակցության սերտացումը բոլոր բնագավառներում: Անդրադառնալով իրաքահայ համայնքին` Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Իրաքի ժողովրդի եղբայրական վերաբերմունքը քսաներորդ դարի սկզբում Իրաքում ապաստան գտած հայ գաղթականների եւ նրանց սերունդների նկատմամբ: Արժեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում` ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեության կարեւորությունը: Արա Բաբլոյանը, արձանագրելով Իրաքի` աշխարհագրական առումով Հայաստանին ամենամոտ արաբական երկիրը լինելը, նշել է, որ մեծ է հայ գործարարների հետաքրքրությունը եւ համոզմունք հայտնել, թե մեծ է ներուժը ոչ միայն հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերությունների, այլեւ կրթական եւ մյուս ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ պատրաստ են աջակցելու իրաքցի ուսանողներին` Հայաստանում կրթություն ստանալու, ինչպես նաեւ հայ բժիշկներ ուղարկելու Իրաք, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերեն: ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-իրաքյան համագործակցությանն ուղղված ցանկացած նախաձեռնության եւ Իրաքի բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն ու բարեկեցություն: Աբդելբարի ալ-Զիբարին, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, եւ նշել, որ իրենք հպարտանում են Հայաստանի հետ հարաբերություններում արձանագրված հաջողություններով: Ալ-Զիբարիի խոսքով` Իրաքում բարձր են գնահատում հայ համայնքի գործունեությունը եւ կարծում են, որ Իրաքի հայկական համայնքը պետք է ներկայացված լինի նաեւ խորհրդարանում: Անդրադառնալով Իրաքում տիրող իրավիճակին` պատվիրակության ղեկավարը նշել է, որ հակամարտություններից մեծապես տուժում է երկրի խաղաղ բնակչությունը:

Նմանատիպ նյութեր