211652_close_icon
views-count4892 դիտում article-date 14:12 21-11-2017

Նալբանդյանը Ադրբեջանին մեղադրեց պայմանավորվածությունները չկատարելու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանի խոսքն ու գործը չի համընկնում»,- այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հրավիրած համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Վիեննայի և Սանկտ Պետերբուգրի հանդիպումների ժամանակ նույնպես մենք որոշ բաների շուրջ համաձայնությունների հասանք, Ադրբեջանը կրկին մեկ քայլ նահանջ կատարեց: Վիեննայի հանդիպումից հետո, վերադառնալով Ադրբեջան, նրանք ասացին՝ ոչ մի բանի մասին համաձայնություն չի եղել»,- հիշեցրեց Նալբանդյանը: Նալբանդյանը հիշեցրեց ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հետաքննության մեխանզիմների ստեղծում, ԵԱՀԿ անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի թիմի ընդլայնում: Ըստ նրա՝ դրանից հետո ԵԱՀԿ նախագահող երկիրը կապ էր հաստատել Ադրբեջանի հետ, բավական բարձր մակարդակով, և նրանք ամեն անգամ հաստատել էին՝ այո, մենք համաձայն ենք, որպեսզի ֆինանսավորվի Կասպրշիկի թիմի ընդարձակումը: «Պատկերացնո՞ւմ եք, բարձր մակարդակով պայմանավորվում են, բայց չորս անգամ արգելափակել են ֆինանսավորումը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման երեք սկզբունքներին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ դրանց շուրջ ևս Ադրբեջանի հետ համաձայնությունների էին հասել: «Ի՞նչ տեղի ունեցավ հետո, ադրբեջանիցներն ամեն կերպ չեն ուզում հիշատակել այդ երեք սկզբունքները: Մենք կրակի դադարեցման մասին երեք համաձայնագիր ենք ստորագրել՝ 1994-1995 թվականներին, և ի՞նչ, ադրբեջանցիները փորձում են հետ նահանջել այդ համաձայնություններից: Ուստի սա առաջին դեպքը չէ, երբ մի բան են ասում, հակառակն են անում: Ես կրկնում եմ՝ իհարկե, լավ կլիներ, եթե խոսքրեը համապատասխանեին գործերին, մանավանդ, երբ բառացիորեն Ժնևում խոսում էինք այն մասին, որ պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար: Սա հենց Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունների մասին է: Իսկ նրանք դա դեռ չեն անում»,- ասաց նա: Նալբանդյանը նաև հարցադրում արեց՝ երբ խոսք է գնում այն մասին, որ պետք է ակտիվացնել բանակցությունները, ինչի՞ մասին է խոսքը: «Այն սկզբունքների և տարրերի հիման վրա բանակցությունների, որոնք բարձրաձայնվել էին համանախագահ երկրների հինգ հայտարարություններում՝ երկրների նախագահների մակարդակով: Հայաստանը հայտարարել է ու շարունակում է հայտարարել, որ մենք այդ հիմքերի վրա պատրաստ ենք շարունակել բանակցությունները, իսկ ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ չհիշատակել այդ հինգ հայտարարությունները: Հայաստանը տրամադրված է և հետայսու էլ շարունակելու է ջանքերը՝ ուղղված բացառապես խնդրի խաղաղ կարգավորմանը»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր