7215 դիտում
16:56 17-11-2017
«ՓՄՁ ներդրումներ»-ը և «Վնեշէկոնոմբանկ» Ռուսաստանի զարգացման բանկը համագործակցություն են հաստատում
«Վնեշէկոնոմբանկ» (ՎԷԲ) Ռուսաստանի զարգացման բանկը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն սահմանել են երկկողմ համագործակցության ոլորտները` արդյունաբերություն, տրանսպորտ, նորարարություններ, ՏՏ և հեռահաղորդակցություն: Ինչպես հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից համապատասխան հուշագիրը ստորագրվել է Մոսկվայում՝ նոյեմբերի 15-ին: Փաստաթուղթը ստորագրել են «Վնեշէկոնոմբանկ»-ի նախագահի առաջին տեղակալ, վարչության անդամ Նիկոլայ Ցեխոմսկին և «ՓՄՁ ներդրումներ» -ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:
«Վնեշէկոնոմբանկ»-ը և «ՓՄՁ ներդրումներ»-ը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների համագործակցության հիմնական ոլորտներում ներդրումների ընդլայնման աջակցության և ֆինանսավորման վերաբերյալ: Կողմերը կքննարկեն և կուսումնասիրեն «ՓՄՁ ներդրումներ»-ի համար «Վնեշէկոնոմբանկ»-ի կողմից վարկային գծի բացման հնարավորությունը՝ ինչպես ռուսական արտադրության ապրանքների արտահանման ծրագրերի, այնպես էլ Հայաստանի տարածքում ռուսական կապիտալի մասնակցությամբ դեպի երրորդ երկրներ արտահանման ուղղվածություն ունեցող համատեղ արտադրությունների ֆինանսավորման համար: ՎԷԲ-ը, որպես ազգային զարգացման ֆինանսական կառույց, կկիսվի փորձով և խորհրդատվության ձևով օժանդակություն կցուցաբերի «ՓՄՁ ներդրումներ»-ին:
«Ռուսաստանը և Հայաստանը փոխշահավետ համագործակցության հարուստ փորձ ունեն, և ստորագրված հուշագիրը երկու երկրների զարգացման ինստիտուտների համար համագործակցության նոր հնարավորություններ կբացի, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին, ներդրումների ավելացմանը և արտադրական կոոպերացիային տնտեսության ռազմավարական ճյուղերում: Սա կարևոր քայլ է ինչպես մեր երկկողմ համագործակցության համար, այնպես էլ ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում»,- նշել է Նիկոլայ Ցեխոմսկին:
«Մեզ հետաքրքիր է «Վնեշէկոնոմբանկ»-ի՝ որպես զարգացման ազգային ֆինանսական կառույցի, փորձը, ռազմավարությունը և բիզնես մոդելը: «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն շուտով անդամակցելու է ԵԱՏՄ զարգացման բանկերի խորհրդին, և մենք պատրաստ ենք համագործակցել ինչպես ՎԷԲ-ի, այնպես էլ Խորհրդի մյուս անդամների հետ համատեղ ծրագրերի ընտրության, ուսումնասիրության և իրականացման հարցերում», - ասել է Արթուր Բադալյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+