10035 դիտում
14:22 15-11-2017
Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկում է «Հայաստանի մշակույթի օրեր» խոշորածավալ ծրագիրը. բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահները
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Մոսկվայում մեկնարկում է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագիրը. Տրետյակովյան պատկերասրահում պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը։
Հայաստանի անկախությունից ի վեր նման միջոցառումների մեջ ամենախոշոր այս «փունջը» նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։
«Ռուսաստանում Հայաստանի օրերի» շրջանակում Մոսկվա է մեկնում նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորած պատվիրակությունը։
Հայաստանի մշակույթի օրերն անցկացվելու են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Ադլերում, Կրասնոդարում, Դոնի Ռոստովում, Արմավիրում, Եկատերինբուրգում, Չելյաբինսկում, Զլատոուստում և այլն։ Միջոցառումներին Հայաստանից մասնակցելու են մոտ 250 արտիստներ, մշակույթի գործիչներ...
Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը նոյեմբերի 15-ին պաշտոնապես կմեկնարկեն Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացումով։ Ցուցադրության մեջ ընդգրկվել են կտավներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից: Ցուցահանդեսը կգործի մինչև 2018 թ. հունվարի 14-ը:
Նույն օրը Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում կբացվի ժամանակակից խաչքարերի ցուցահանդես (ցուցադրվող խաչքարերից մեկը կնվիրաբերվի հայկական եկեղեցուն. ցուցհանդեսը կգործի մինչև նոյեմբերի 22-ը), ելույթ կունենա «Հովեր» երգչախումբը:
Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանում կբացվի Արա Հարությունյանի քանդակների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը (գործերը՝ Ռուսասատանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից. ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը):
Նոյեմբերի 18-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի և Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցեն նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և մենակատարներ Հասմիկ Թորոսյանը, Սիրանուշ Գասպարյանը, Գևորգ Հակոբյանը և Միհրան Աղաջանյանը: Համերգի հատուկ հյուրն է Վլադիմիր Սպիվակովը:
Նոյեմբերի 22-ին Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը կանցկացվի «Հայաստանի տարրեր» խորագրով համերգային ծրագիրը` Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետի, դուդուկահարներ Ջիվան Գասպարյան ավագի և կրտսերի, Գևորգ Դաբաղյանի, Նորայր Քարտաշյանի (բլուլ) մասնակցությամբ: Ծրագիրը կուղեկցվի Աննա Ամասյանի ավազե պատկերներով:
Ծրագրի շրջանակում նոյեմբերի 20-ից մինչև 24-ը Մոսկվայում կկազմակերպվի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված ֆիլմերի («Thank you, հայրի′կ», «Եթե բոլորը», «Մոսկվիչ, իմ սեր») ցուցադրություն` «ПЯТЬ ЗВЕЗД» և «ՌԻՈ» ցանցի կինոթատրոններում:
Նոյեմբերի 21-ին, ժամը 19։00-ին, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ) նախատեսված է Հայաստանի պետական կամերային «Հովեր» երգչախմբի համերգը՝ «Երգչախմբային մոզաիկա»։
Նոյեմբերի 23-ին, ժամը 19։00-ին, Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում տեղի կունենա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի եզրափակիչ՝ «Կոմիտասը և ջազը. ներդաշնության միաձուլում» համերգը, որին կմասնակցեն «Հովեր» երգչախումբը և «Վահագն Հայրապետյան ջազ կվինտետը»։
Այս միջոցառումներին զուգահեռ Ռուսաստանի մի շարք քաղաքներում հյուրախաղերով հանդես կգան Հայաստանի պարի պետական անսամբլը, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական և Երևանի մնջախաղի պետական թատրոնները:
Միաժամանակ, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Ռուսաստանի 58 հայ համայնքներում «Հայաստանի օրեր» ծրագրի շրջանակում նոյեմբերի 1-ից անցկացվում են մշակութային բազմապիսի միջոցառումներ (մինչև դեկտեմբեր նախատեսված է կազմակերպել 250 միջոցառում՝ փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ և այլն)։
Նմանատիպ նյութեր
5705 դիտում
20:15 17-08-2016
Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր. «Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագիրը մեկնարկում է
1576 դիտում
23:42 05-10-2022
Մեկնարկում է «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» ծրագիրը
Այս բաժնից
1087 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1180 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1384 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ