Կկանխարգելվի արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է Հայաստանում վերահսկել մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված վարակների առաջացումը: Մասնավորապես, որպես արգանդի վզիկի քաղցկեղի համալիր միջոցառումների առաջնային օղակ, կանխարգելել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը՝ նպաստելով կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության և մահացության կրճատմանը:
Հիմնավորման համաձայն, Հայաստանում 13 տարեկան աղջիկների շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ներդրումով հնարավորություն կընձեռվի ամբողջական դարձնել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի համալիր կանխարգելիչ միջոցառումները:
Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը (ԳԱՎԻ) հավանություն է տվել ՀՀ առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին: ԳԱՎԻ-ն Հայաստանին կտրամադրի պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը: