Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետը հանդես է եկել մեկ տարվա գործունեության հաշվետվությամբ
                        Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյան հանդես է եկել մեկ տարվա գործունեության հաշվետվությամբ, որի ընթացքում ներկայացվել է 2016 թվականի նոյեմբեր ամսից մինչ օրս քաղաքում իրականացված աշխատանքները: Ներկայացվել է վիճակագրական տվյալներ գյուղատնտեսության, աղբահանության, կրթության, սպորտի, ներդրումների եւ կենսական կարեւորության այլ ոլորտներում իրականացված աշխատանքների մասին:
Արմեն Ավետիսյանը մասնավորապես  կարեւորել է  ներդրումային ծրագրերի իրականացման  գործընթացների ապահովումը Մարտունիում՝  ընդգծելով ներդրողների հետ սերտ համագործակցության նշանակությունը,  ապա հավելել, որ  Մարտունին հայտագրվել է  «Քաղաքապետեր հանուն տնտեսական զարգացման» ԵՄ-ի  ծրագրին, ինչպես նաեւ  Ճապոնիայի եւ Հայաստանի Հանրապետության զարգացման ուղղված համագործակցության շրջանականերում հանդես է գալու  պոտենցիալ ծրագրերի  գործընկեր  համայնք: Ապա նշել է,  որ 2018 թվականի գարնանը ներդրողների կողմից իրականացվելու են  սպանադանոցի եւ մարզահամալիրի կառուցման, ինչպես նաեւ  կարի գործարանի հիմնման աշխատանքներ:
  Մարտունի քաղաքի 2017թվականի բյուջեի ընդհանուր եկամուտների պլանային թիվը 10 ամսվա  կտրվածքով կազմել է 284 մլն 624,6 հազ. դրամ, որի դիմաց 01.11.2017թ. դրությամբ փաստացի մուտք է եղել 272 մլն 303,5 հազ. դրամ, կատարողականը ըստ համամասնությունների կազմել է 95,7%, իսկ տարվա պլանի նկատմամբ՝  72,7%: Ընդամենը պլանային եկամուտների մեջ դոտացիան կազմում է  193 մլն 140 հազ. դրամ կամ՝  67,8 %:
  2017 թվականի Մարտունի քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար պահուստային ֆոնդից հատկացվել է 26 մլն 400 հազ. դրամ: Նախորդ տարվա հետ համեմատությամբ էլեկտրախնայողությունը կազմել է 2 մլն 506  հազ. դրամ: 
  Գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում ձեռք են բերվել գյուղգործիքներ, 3 տրակտոր, շահագործման է անցել 1 կոմբայն: 
  2017թվականի  գարնանացանի համար գարու, ցորենի եւ կորնգանի արտադրությամբ զարգացման ծրագրի շրջանակներում համայնքի շահառուների կողմից վճարվել եւ մատչելի գներով ձեռք է բերվել 4 տոննա բարձրորակ սերմեր: Պետական աջակցության ծրագրերով 2017թ.-ին քաղաքին հատկացվել եւ ներկրվել է ազոտական, ինչպես նաեւ կալիումական եւ ֆոսֆորական պարարարտանյութեր: Ծրագրից օգտվել են քաղաքի 899 շահառու:  111 քաղաքացու հատկացվել է  9.680 լիտր դիզվառելիք: 
  2016 թվականի նոյեմբեր ամսից մինչ օրս  Մարտունիում իրականացված աշխատանքների արդյունքում,   այսօր  քաղաքն ունի հանրային լողափ, վերանորոգվել է Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի 23 աշխատասենյակ եւ կահավորվել նոր գրասենյակային  գույքով: Քաղաքապետարանը, ենթակա կառույցները համալրվել են որոշ չափով  նոր տեխնիկայով: Նորոգվել են 2 բազմաբնակարան շենքերի տանիքներ, ընթացքի մեջ է  մեկ  շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները: Լուսավորվել են բազմաբնակարան մի քանի շենքերի բակեր, իրականացվել են  նաեւ փողոցների,  մայթերի ասֆալտապատման, փոսալցման աշխատանքներ: Կառուցվում է նաեւ 1 անվճար  նախակրթարան քաղաքի Մ. Մնաց Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում, բացվել է 1  գեղագիտության զարգացման կենտրոն: 
  Խորհդակցության ընթացքում Արմեն Ավետիսյանը նաեւ նշել է, որ առաջնային ծրագրերի մեջ է տարածաշրջանի զբոսաշրջության  հնարավոր զարգացմանը միտված կոմպլեքս  միջոցառումների ռազմավարության մշակումը:
[b]Մարտունու քաղաքապետի մամուլի քարտուղար[/b]
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

