6043 դիտում
20:45 30-10-2017
Ամփոփվել են Երևանում առաջին անգամ անցկացվող «Կլիմաթոն Երևան» կլիմայական հաքաթոնի արդյունքները
Հոկտեմբերի 27-28-ին Երևանի քաղաքապետարանում անցկացվել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված առաջին հաքաթոնը՝ «Կլիմաթոն Երևանը»: «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամի» նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող միջոցառման նպատակն է մշակել նորարար և օպտիմալ լուծումներ` բարելավելու մայրաքաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, նպաստել քաղաքի օդի մաքրմանը:
Հաքաթոնի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Զրուցելով մասնակիցների հետ՝ քաղաքապետը ծանոթացել է կլիմայական խնդիրների լուծման շուրջ երիտասարդների նորարար գաղափարներին : Ընդգծելով նախաձեռնության կարևորությունը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ միջոցառման շրջանակում ներկայացված լավագույն գաղափարները հետագայում հնարավորություն կստանան ընդգրկվել քաղաքային ծրագրերում:
Հաքաթոնի առաջին օրը փորձագետները ներկայացրել են քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական և կլիմայական մարտահրավերները, լուծումների հիմնական ուղղությունները, որից հետո թիմերը սկսել են մշակել առաջադրված խնդիրների լուծումներ: 24 ժամյա հաքաթոնի ընթացքում մասնակիցների հետ իրենց փորձով կիսվել են հատուկ հյուրերը, ովքեր խոսել են ստարտափի առանձնահատկությունների, հաջողության գաղտնիքների և հանրային խոսքի հմտությունների մասին: Մասնակիցների էներգիայի մակարդակը բարձր պահելու համար կազմակերպվել են ակտիվ ընդմիջումներ:
«Կլիմաթոն Երևան»-ի արդյունքներն ամփոփվել են 24 ժամյա աշխատանքից հետո՝ հոկտեմբերի 28-ին: Իրենց նախագծերը ներկայացրել են 5 թիմեր՝ Թիէսդի (TSD), Ֆորեստ բերգ (Forest Berg), Գրին Թեք (Green Tech), Սմարթ սիթի (Smart city) և Յոլո (Yolo): Թիմերը կարողացել էին խնդիրը կապել մի քանի ոլորտների հետ՝ այդպիսով ունենալով բազմակողմանի ազդեցությամբ նախագծեր: Մշակված նորարար լուծումներն ուղղված էին բարելավելու քաղաքի օդի որակը՝ նպաստելով արտանետումների մասին տեղեկատվության տարածմանը, օպտիմալ կերպով չափելով օդի աղտոտվածության, ռադիացիայի, ջերմաստիճանի և այլ ցուցանիշներ, օժանդակելով կից ռիսկերի կառավարմանը: Հատկանշական է, որ առաջարկվող ծրագրերը քիչ ֆինանսական ներդրում էին պահանջում:
«Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Հասմիկ Բարսեղյանը նշել է, որ Կլիմաթոնի շրջանակում ներկայացված բոլոր գաղափարներն առանձնակի հետաքրքրություն են առաջացրել փորձագետների շրջանում: Հաղթողները որոշվել են նախապես սահմանված չափանիշների արդյունքում՝ հաշվի առնելով կլիմայական ազդեցությունը, ինովացիոն պոտենցիալը, իրագործելիությունը և թիմային աշխատանքը:
Լավագույն է ճանաչվել Սմարթ Սիթի ծրագիրը ածխաթթու և այլ գազերի արտանետումներն իրական ժամանակում գրանցող և վերահսկող համակարգով: Թիմը հնարավորություն է ստացել 3 ամիս զարգացնել ծրագիրը ISTC Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում: Ծրագիրն արժանացել է նաև Երևանի քաղաքապետի անունից հատուկ շնորհակալագրի որպես նորարար և կիրառելի լուծում: Լավագույն եռյակի մյուս ծրագրերը՝ Ֆորեստ բերգն ապoրինի ծառահատումների դեմ պայքարող լուծումով և Թիէսդին օդի աղտոտվածության մոնիտորինգի հավելվածով, ստացել են պատվոգրեր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից: Խորհրդանշական պարգևներ, հովանավորների կողմից նվերներ և մասնակցության վկայականներ են տրվել հաքաթոնի բոլոր մասնակիցներին:
Կլիմաթոնը կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոն է, որը նույն օրը միաժամանակ անցկացվում է աշխարհի 230 քաղաքներում: Յուրաքանչյուր քաղաք հաստատում է կլիմայական իր մարտահրավերը, այնուհետև 24 ժամվա ընթացքում մասնակիցները մշակում են այդ մարտահրավերի հետ կապված լուծումներ: Նորարար լուծումներն այնուհետև կտարածվեն ամբողջ աշխարհում նախաձեռնող եվրոպական կառույցի՝ Climate-KIC-ի և ԵՄ նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի մեծ ցանցի շնորհիվ: Երևանն այս տարի կլիմայական հաքաթոնին միացել է առաջին անգամ՝ “Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի” նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի “Խելացի քաղաք” ծրագրի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
3705 դիտում
21:34 27-10-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող «Կլիմաթոն Երևան» հաքաթոնի ընթացքին
2252 դիտում
23:31 27-10-2018
Ամփոփվել է «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը
1595 դիտում
16:11 25-10-2018
Մայրաքաղաքում կանցկացվի «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»