211652_close_icon
views-count3708 դիտում article-date 21:34 27-10-2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող «Կլիմաթոն Երևան» հաքաթոնի ընթացքին

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» առաջին հաքաթոնը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամի» կողմից անցկացվող միջոցառման նպատակն է մշակել նորարար և օպտիմալ լուծումներ` բարելավելու մայրաքաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, որոնց վերջնական նպատակը քաղաքի օդի մաքրմանը նպաստելն է: Ծրագրին մասնակցում են ավելի քան 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության մեջ հմուտ երիտասարդներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ և նորարարներ, բիզնես մտածողություն ունեցող կրեատիվ մարդիկ: Հաքաթոնի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շրջելով ճեմասրահում և զրուցելով մասնակիցների հետ, քաղաքապետը ծանոթացել է բնապահպանական հիմնախնդիրների լուծման շուրջ երիտասարդների նորարարական մոտեցումներին ու առաջարկություններին: Ընդգծելով նախաձեռնության կարևորությունը, Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ միջոցառման շրջանակում ներկայացված լավագույն գաղափարները հետագայում հնարավորություն կստանան ընդգրկվել քաղաքային ծրագրերում: Հարկ է նշել, որ Կլիմաթոնը կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոն է, որը նույն օրը միաժամանակ անցկացվում է աշխարհի 230 քաղաքներում: Յուրաքանչյուր քաղաք հաստատում է կլիմայական իր մարտահրավերը, այնուհետև 24 ժամվա ընթացքում մասնակիցները մշակում են այդ մարտահրավերի հետ կապված լուծումներ: «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը բացման հանդիսավոր արարողության իր խոսքում նկատել է, որ մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեն բնակլիմայական խնդիրների կարգավորումն ու այդ համատեքստում առանձնացրել է մաքուր Երևանի գաղափարի իրագործումը: «Այսօր մայրաքաղաքի առջև կան բնակլիմայական մի շարք մարտահրավերներ, որոնց լուծման ուղղությամբ քայլ առ քայլ իրականացվում են տարբեր ծրագրեր: Կլիմաթոնը լավ հնարավորություն է ևս մեկ քայլ անել՝ նորարարկան լուծումների միջոցով», - նշել է Հովիկ Մուսայելյանը: «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամի» գործադիր տնօրեն Հասմիկ Բարսեղյանն էլ նշել է, որ միջոցառումը քաղաքի կլիմայական խնդիրների մասին խոսելու յուրօրինակ հարթակ է: Հաքաթոնը կբարձրացնի նաև իրազեկվածությունը կլիմայական և էներգետիկ խնդիրների մասին: Ի դեպ, նորարար լուծումներն այնուհետև կտարածվեն ամբողջ աշխարհում նախաձեռնող եվրոպական կառույցի՝ Climate-KIC-իև ԵՄ նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի մեծ ցանցի շնորհիվ: Հաքաթոնի շրջանակում փորձագետները ներկայացրել են քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական և կլիմայական մարտահրավերները և լուծումների հիմնական ուղղությունները, որից հետո թիմերը սկսել են մշակել առաջադրված խնդիրների լուծումներ: «Կլիմաթոն Երևան»-ի արդյունքները կամփոփվեն 24 ժամ անց՝ հոկտեմբերի 28-ին: Լավագույնները հնարավորություն կստանան զարգացնել իրենց գաղափարներն ու դրանք կիրառել քաղաքում:

Նմանատիպ նյութեր