2105 դիտում
15:18 27-10-2017
Դուք մեր երկրի ամենաերջանիկ սերունդն եք, որովհետև ծնվել և ապրում եք անկախ Հայաստանում. Շարմազանովը՝ Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողներին
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 26-ին խորհրդարան են այցելել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները: Հյուրերը նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, որից հետո ավանդական բաց դասի շրջանակում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Բաց դասն ԱԺ փոխնախագահի առաջարկով ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ուսանողների հետ անկեղծ զրույցի ժամանակ Էդուարդ Շարմազանովն իր տեսակետներն է հայտնել քաղաքական տարբեր հարցերի, հասարակական-քաղաքական տարբեր երեւույթների վերաբերյալ:
Էդուարդ Շարմազանովը, խոսելով «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին, նշել է, որ միանշանակ դեմ է բռնությանը, սակայն օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց է: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ խորհրդակցել է իրավաբանների հետ եւ կառավարությանը ներկայացրել առաջարկներ: Նա հույս է հայտնել, որ դրանք կընդունվեն գործադիր մարմնի կողմից:
Ուսանողներին հետաքրքրել է նաեւ սահմանամերձ շրջանների գրադարանների հարցը:
Խորհրդարանի փոխնախագահը խորհուրդ է տվել ուսանողներին լինել նախաձեռնող եւ ներկայացնել խնդիրների լուծման իրենց տարբերակները:
«Դուք մեր երկրի ամենաերջանիկ սերունդն եք, որովհետեւ ծնվել եւ ապրում եք անկախ Հայաստանում»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Հանդիպման ավարտին, ավանդույթի համաձայն, ուսանողները լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ:
Նմանատիպ նյութեր
2602 դիտում
19:57 24-11-2014
Հայտնի է՝ որտեղ են ապրում աշխարհի ամենաերջանիկ մարդիկ
Այս բաժնից
640 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
577 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ