Հավատարմագրվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացավ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 տարի ժամկետով։ Նիստում նման որոշում է կայացրել Որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը։
Որակի ապահովման ազգային կենտրոնը որակի ապահովման գործընթացներ է իրականացնում նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով: Նպատակն է աջակցել մասնագիտական ուսումնական հաստատություններին` ստեղծելու Հայաստանի օրենսդրությանը համապատասխան կրթության որակի ապահովման մշակույթ:
Հավատարմագրումը շրջափուլային գործընթաց է, որի նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:
Նախքան որոշում կայացնելը` ակադեմիայում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գագիկ Քթրյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բուհի՝ փորձագետների կողմից մատնանշված թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը:
Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, այնուհետև` տեղի ունեցավ դռնփակ քվեարկություն: