5832 դիտում
15:38 23-10-2017
ՊԵԿ նախագահն ընդունել է Իրանի հարկային ծառայության պատվիրակությանը. օրակարգում ՀՀ-ի և Իրանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումն է
Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթի գլխավորությամբ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկվել են հարկային ոլորտում հայ-իրանական համագործակցությունը բարելավելու աշխատանքները:
Թաղահի Նեժաթի դիտարկմամբ, երկու երկրների միջև խորը և ռազմավարական հարաբերություններ են հաստատված. «Հարկային և մաքսային ոլորտներում երկուստեք գրանցված լուրջ հաջողությունները փորձի փոխանակման լայն հարթակ են ստեղծում: Վստահ եմ, որ հարկային և մաքսային օրենսդրության դյուրացման շնորհիվ կկարողանանք զարգացնել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները»:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն որդեգրել է տեղացի և օտարերկրյա գործարարներին աջակցելու թափանցիկ գործելաոճ. «Հարկային գերատեսչությունների համագործակցության սերտացումը կխթանի հայ և իրանցի գործարարների տնտեսական կապերի ակտիվացումը»: Կողմերը համաձայնվել են ձևավորել աշխատանքային խումբ՝ հարկային ոլորտի խնդիրները և կնքված համաձայնագրերի կիրարկումը խոչընդոտող հանգամանքները պարզելու և կարգավորելու նպատակով:
Հանդիպմանը դիտարկվել է նաև 1998թ.-ից երկու երկրների միջև գործող եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս ազատվել կրկնակի հարկումից, միևնույն ժամանակ կանխում է ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից հարկերից խուսափումը: Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի և Իրանի հարկային մարմինների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակում է կատարվում: «Ժամանակն է խմբագրել գործող համաձայնագիրը՝ վերջին տարիներին մեր երկրների հարկային օրենսդրության և վարչարարության մեջ տեղի ունեցած զարգացումներին համահունչ»,-նկատել է Վարդան Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակում գերատեսչությունները կավելացնեն հարկային ոլորտում տեղեկատվության փոխանակման ծավալը՝ հետագայում անցնելով միջազգային չափանիշներին համապատասխան ավտոմատ փոխանակման:
ՊԵԿ նախագահի դիտարկմամբ, երկու պետությունների հարկային վարչարարության մեջ զգալի տեղ է հատկացվում նաև կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրմանը. «Միջազգային տարբեր կառույցների գնահատմամբ, Հայաստանի հարկային մարմնի կառավարման էլեկտրոնային համակարգը շատ առումներով առաջատար է։ Այն ապահովում է երկրի տնտեսությունում թղթային փաստաթղթաշրջանառության կրճատումը, հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը՝ ընթացիկ տեսչական հսկողությունից էլեկտրոնային հսկողության անցնելու և ռեսուրսներն առավել արդյունավետ կառավարելու շնորհիվ»:
Իրանի պատվիրակությունը շրջել է նաև ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնով, ծանոթացել կառավարման էլեկտրոնային համակարգի փաստացի գործունեությանը, ինչը տպավորել է Թաղահի Նեժաթին:
Հայաստանի և Իրանի պաշտոնակիցները հանդիպումը դիտարկել են որպես հարկային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման հերթական քայլ: Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ Թաղահի Նեժաթին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Հանդիպման ավարտին Իրանի և Հայաստանի հարկային ծառայությունների ղեկավարներն արձանագրություն են ստորագրել: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամեն տարի երկկողմանի հանդիպումներ անցկացնել՝ երկրների հարկային վարչակազմերի միջև համագործակցությունն ամրապնդելու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2707 դիտում
15:34 26-02-2020
Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հավանության արժանացավ
3598 դիտում
17:06 15-06-2017
Եթե կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաներ ունենք, պետք է իմպլեմենտացիա անենք, եթե ոչ՝ նախաձեռնենք. վարչապետ
4163 դիտում
15:16 22-03-2018
Հայաստան-Իսրայել կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի վավերացման մասին օրինագիծը հավանության է արժանացել
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»