211652_close_icon
views-count2770 դիտում article-date 13:02 18-10-2017

Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացրել է բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքում մարզական կյանքի աշխուժացմանը: «Մենք կարևորում ենք Երևանում սպորտի զարգացումն ու տարբեր մարզաձևերի մասսայականացումը, և պետք է նշեմ, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ նպատակային հստակ ծրագրեր ենք իրականացրել: Անշուշտ, վոլեյբոլը ևս սիրված մարզաձև է Երևանում, և վստահ եմ, որ Հայաստանի ֆեդերացիայի նոր ղեկավարության հետ համատեղ, Ձեր աջակցության շնորհիվ, կկարողանանք Երևանում այս սպորտաձևում ևս ունենալ շոշափելի առաջընթաց», - ընդգծել է քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչն առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետի համագործակցության պատրաստակամությունը՝ նկատելով, որ դա իսկապես կնպաստի կոնֆեդերացիայի կողմից Երևանում նախաձեռնած բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելուն: «Պարոն քաղաքապետ, մենք ևս նպատակ ունենք Երևանում զարգացնել վոլեյբոլը՝ որքան հնարավոր է շատ երեխաներ ներգրավելով մարզաձևում: Ունենք տարբեր նախաձեռնություններ ինչպես դպրոցներում սպորտաձևի զարգացման, այնպես էլ մարզական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Եվ մեզ համար անչափ կարևոր է վերոնշյալ ծրագրերի իրականացման հարցում Ձեր աջակցությունը, ինչը, համոզված եմ, հնարավորություն կտա կյանքի կոչելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նախատեսում ենք իրականացնել Երևանում», - նշել է Ալեքսանդր Բորիչիչը: Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է Հայաստանի ֆեդերացիայի հետ համատեղ քննարկել ու ներկայացնել ծրագրային առաջարկությունների հստակ փաթեթ՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է համագործակցել և աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Երևանում առողջ ապրելակերպի խթանմանն ու սպորտի մասսայականացմանը:

Նմանատիպ նյութեր