2776 դիտում
09:53 14-10-2017
Երևանի հանդեպ սերը, ջերմությունն ու սրտացավությունը շարունակում է մնալ անփոփոխ մեծություն. Տարոն Մարգարյանի ուղերձը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ։ Նրանում ասվում է.
«Սիրելի՛ երևանցիներ,
քաղաքամայր Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս: Այսօր աշխարհի ողջ հայությունն է «Սիրո քաղաք» կարգախոսով տոնում համայն հայության սիրելի մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը՝ անթաքույց հպարտությամբ, որ մեր հինավուրց, բայց միշտ երիտասարդ ոստանը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի ավելի վստահ ու հպարտ է ներկայանում աշխարհին՝ ամրապնդելով իր տեղն ու դերը կայուն զարգացող մայրաքաղաքների շարքում:
Երևանն աշխարհում այսօր ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, ջերմ ու բարի, հյուրընկալ քաղաք: Սա փաստ է, որն իրենց մասնագիտական գնահատականներով ամրագրել են միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ՝ այդպիսով նաև գնահատելով մեզ՝ բոլորիս: Այո՛, բոլորի՛ս, քանի որ Երևանի յուրաքանչյուր ձեռքբերումը մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս անմնացորդ նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է:
Երևանցին միշտ եղել ու մնում է քաղաքամայր Երևանի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի ու նախաձեռնության մշտական մասնակիցը: Վստահությամբ, համառ աշխատանքով և հարազատ քաղաքը սիրելու բացառիկ կարողությամբ մեզանից յուրաքանչյուրն անում է առավելագույնը, որ համայն հայության մայրաքաղաք այցելող յուրաքանչյուր ոք տեսնի՛, լսի՛, զգա՛ ու սիրի՛ Երևանը:
Սիրելի՛ երևանցիներ,
անշուշտ, փոխվում են և՛ ժամանակները, և՛ սերունդները, բայց Երևանի հանդեպ սերը, ջերմությունն ու սրտացավությունը շարունակում է մնալ անփոփոխ մեծություն, ինչը, վստա՛հ եմ, երբեք ու ոչինչ չի՛ կարող փոխել: Ու ես համոզվա՛ծ եմ, որ այսուհետ ևս, ամենքս մեր տեղում, մեր հնարավորությունների, կարողությունների և հմտությունների սահմաններում կշարունակենք հանուն Երևանի անել առավելագույնը՝ մեր սիրելի մայրաքաղաքն ավելի բարեկարգ, հարմարավետ ու ավելի լավը դարձնելու և հաջորդող սերունդներին այն արժանապատվորեն փոխանցելու համար:
Իսկ այսօր, բոլորս միասին, լիասիրտ տոնախմբենք «Էրեբունի-Երևան»-ի 2799-ամյակն ու Սիրո քաղաք Երևանին մաղթենք հազարամյակների շարունակական երթ:
Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն»։
Նմանատիպ նյութեր
8096 դիտում
17:38 16-10-2016
«Տղամարդը ցանկանում է լինել կնոջ առաջին սերը, իսկ կինը ձգտում է լինել տղամարդու վերջին սերը»․ Օսկար Ուայլդ
Այս բաժնից
3085 դիտում
16:22 28-12-2024
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզում 3-4 բալ ուժգնությամբ
706 դիտում
16:14 28-12-2024
«Իմ քայլը» հիմնադրամի ամանորյա մեծ վիճակահանությունը դեկտեմբերի 30-ին է
1387 դիտում
15:44 28-12-2024
Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է