211652_close_icon
views-count3606 դիտում article-date 20:40 09-10-2017

Կայացել է «Արենի» գինու 9-րդ փառատոնը. մասնակցել է ավելի քան 20.հազար այցելու ՀՀ տարբեր մարզերից

Հոկտեմբերի 7-ին արդեն 9-րդ անգամ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կայացավ «Արենի» գինու փառատոնը : Փառատոնին մասնակցել են ավելի քան 20.000 այցելու ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև զբոսաշրջիկներ և գինու հրավիրյալ փորձագետներ, ոլորտը լուսաբանող լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի կազմակերպմանն այս տարի աջակցել է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: Հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, կարևորելով փառատոնի դերը հայկական գինիների ճանաչելիության բարձրացման գործում, ընդգծել է. «Հիմնադրամը մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերել գինեգործության զարգացմանը նպաստող ծրագրերին: Ոլորտը Հայաստանում վերածնունդ է ապրում, որի արդյունավետ առաջընթացի, զարգացման և ճանաչելիության համար կարևոր էր համախմբել տարբեր ոլորտների և գերատեսչությունների ջանքերը, ինչն արվեց այս տարի փառատոնի շրջանակներում»: «Տեղական գինիները շատ յուրօրինակ և առանձնահատուկ են, ինչպես ամեն ինչը Հայաստանում»,-նշել է գինու փորձագետ Յուրի Յուդիչը Ռուսաստանի Դաշնությունից, ով փառատոնին մասնակցում էր հիմնադրամի հրավերով: Ռեբեկկա Մեյեր-Լիբման, ով Հայաստան էր եկել Կանադայից իր հերթին նշել է. «Հրաշալի գինի է: Սա իմ առաջին այցն է Հայաստան և եթե անկեղծ լինեմ՝ նախկինում հայկական գինիներ շատ չէի համտեսել: Ես հիացած եմ: Խմելով տեղական որակյալ գինին և տեսնելով, թե ինչ աշխատանք եք կատարում գինեգործության ոլորտն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ, դժվարանում եմ պատկերացնել, թե 10 տարի հետո ինչ գինի կարող եք մատուցել աշխարհին»: Անգլիացի փորձագետ , լրագրող Դարրել Ջոզեֆֆը, որը հայկական գինին վերջին տարիներին համտեսել էր Գերմանիայում և Անգլիայում, նաև աշխարհի այլ երկրներում կազմակերպված գինու փառատոնների ընթացքում, հավելել է. «Լավ աշխատանք եք տանում: Մի շարք գինիներ հատկապես շատ հավանեցի, էլ չասեմ, որ Արենին շատ համեղ է»: «Հերթական անգամ իրականություն դարձավ «Արենի» փառատոնը. թե տեղի բնակիչները, թե բազմաթիվ զբոսաշրջիկներ մեծ բավականությամբ մասնակցեցին փառատոնին, ինչի համար անչափ ուրախ եմ»,- ասաց «Արենի» փառատոն հիմնադրամի ղեկավար Նունե Մանուկյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր աջակցեցել են փառատոնի կյանքի կոչմանը: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչ Արամ Բաբայանն իր հերթին հավելել է, որ գյուղական համայնքների համաչափ և թիրախային զարգացումը GIZ -ի գործունեության առաջնահերթություններից է, որի շրջանակներում խաղողագործության ու գինեգործության հիմադրամի հետ համատեղ որոշվեց աջակցել փառատոնի կազմակերպմանը: 2017-ի փառատոնի կազմակերպմանն աջակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, Զբոսաշրջության պետական կոմիտեն, Վայոց ձորի մարզպետարանը, Արենի համայնքը, GIZ, USAID միջազգային կազմակերպությունները, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը և մի շարք այլ կազմակերպություններ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր