Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնը մոտենում է ավարտին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. մայիսին մեկնարկած և Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնը մոտենում է ավարտին:
Փառատոնի՝ էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա 2017 թվականի հոկտեմբերի 8-ին, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում:
Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել է 2011 թվականին, ՀՀ Արագածոտնի մարզում: 2013 թվականից այն իրականացվում է հանրապետական ձևաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը:
Ծրագրի միջոցառումների ցանկում ՀՀ մարզերում կազմակերպվել են էպոսասացության մրցույթներ, և մարզային փուլերի հաղթողները մասնակցելու են էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլին:
Հայ ժողովրդական «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հերոսական էպոսում արտացոլված արժեհամակարգի կիրառումը հնարավորություն է ընձեռում ի հայտ բերել հայ ազգի ինքնության եզակիությունը, ինչի շնորհիվ վառ ընդգծվում է ազգային-հոգևոր մշակույթի, մեր ժողովրդի ազնիվ ու հերոսական կեցության, ազատության, անկախության, միասնականության ու համերաշխության գաղափարը:
Փառատոնը կարևորվում է էպոսի հանրահռչակման, մատաղ սերնդի ազգային ոգով դաստիարակության և հայրենասիրական կրթության առումով, ինչպես նաև այն հանգամանքով, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: