3039 դիտում
22:19 05-10-2017
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական Միության Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական Միության Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակությանը՝ դեսպան Վալտեր Սթիվենսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Եվրամիության անդամ բոլոր պետությունների անվտանգության հարցերով դեսպաններին ներառող ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները, ԵՄ Խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան աշխատակիցներ։
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպական Միության հետ տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումների անցկացումը։
Գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանի և ԵՄ միջև ծավալվում է ընդգրկուն փոխգործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում: Նախարար Նալբանդյանն արժևորեց ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկը:
Հանդիպմանն արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր, Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը:
Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Բաքուն տարիներ շարունակ հրաժարվում է իրականացնել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, մերժում է համանախագահ երկրների առաջարկությունները ու դրանով խոչընդոտում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղմանը։ Նախարարի խոսքերով Բաքուն մշտապես մերժում է համանախագահ երկրների առաջարկությունները։ «Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է գնալ հիմնախնդրի կարգավորմանը միջազգային հանրության աջակցությունը վայելող եռանախագահների առաջարկությունների հիման վրա, ապա պետք է վերահաստատի ու գործնականում իրականացնի այն, ինչ նրանք առաջարկում են՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը անվերապահ իրականացում։ Բաքուն պետք է ապացուցի իր հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկած միջազգային իրավունքի սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշման իրավունքին և տարածքային ամբողջականությանն ու հանգուցալուծման տարրերին, որոնք մշակվել և ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջականություն»,- շեշտեց Հայաստանի արտգործնախարարը:
Նմանատիպ նյութեր
3197 դիտում
17:49 02-10-2017
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ
Այս բաժնից
682 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1048 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»