Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը լուծարվել է. ըստ վարչապետ Աբեի՝ պատճառը Հյս. Կորեան է
Ճապոնիայի վարչապետ Սինձու Աբեն պարզաբանել է, թե ինչու է խորհրդարանի ստորին պալատը լուծարվել նախատեսված ժամկետից շուտ, հաղորդում է Ria Novosti-ն։
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային-հրթիռային սպառնալիքի պատճառով հոկտեմբերի 22-ին կանցկացվեն վաղաժամկետ ընտրություններ։
«Դրանք լինելու են ընտրություններ, որոնք պահանջելու են պատասխան՝ հարցին, թե ինչպես պաշտպանել Ճապոնիան և նրա քաղաքացիների խաղաղ կյանքը»,-ասել է Աբեն NHK հեռուստաալիքի եթերում։
Հավելել է, որ պալատի նորընտիր կազմի առջև խնդիր է դրված լինելու՝ հարթ ճանապարհ ստեղծել ճապոնացիների ապագայի համար։
Այդուհանդերձ, ընդդիմությունը քննադատել է վարչապետի քայլը՝ հայտարարելով, որ այդկերպ Աբեն փորձում է իր համար անհարմար քաշքշուկներից ազատվել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Մորիտոմո Գակուեն» և «Կակե Գակուեն» կազմակերպությունների շուրջ անօրինական գործողություններին վարչապետի հնարավոր մասնակցությանը։