2325 դիտում
16:18 23-09-2017
Երևանի մասին օրենքի նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրությունից, այն մշակողները գործել են «գեղից մարդ չկա» սկզբունքով. Ա. Բախշյան
Ազգային Ժողովում երկրորդ ընթերցման է պատրաստվում «Երևանի տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որը մշակել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը: «Մշակել» բայը հատուկ եմ շեշտում, որովհետև օրենքի հիմնավորման մեջ այդ բառն են օգտագործել նախագծի հեղինակները:
Ինչպես գրված է ներկայացված նախագծի հիմնավորման մեջ, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին համապետական հանրաքվեի արդյունքներով ընդունված Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության 9-րդ գլխում տեղ գտած իրավակարգավորումների եւ ընդհանուր առմամբ այդ գլխով սահմանված հոդվածների տրամաբանության հետ համապատասխանեցմամբ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ գլխի 179-190-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումները՝ փոփոխությունների ու լրացումների տեսքով անխուսափելիորեն պետք է ամրագրվեն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում»:
«Ամրագրել» բայն էլ ունի մեկ իմաստ, Սահմանադրության պահանջը վերցնել ու ամուր գրել, այսինքն «գրել» այս օրենքում և հատկապես այս պարագայում, չի կարող փոխաբերական իմաստ ունենալ:
ՀՀ նոր Սահմանադրության 9-րդ գլխի 179-190-րդ հոդվածները տեղական ինքնակառավարման ոլորտում այն չնչին բարեփոխումներն էին, որն առաջարկում էր նոր Սահմանադրությունը, բայց արի ու տես, որ ՀՀ Մայր օրենքում գրված իրավական պահանջները, որոնք որպես իրավունք պետք է տրվեն համայնքի բնակիչներին՝ տեղական ինքնակառավարմանը նրանց մասնակցությունն ապահովելու համար, որոնք պետք է հստակեցնեն ու գծեն համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակը, որպեսզի ինքն իրեն համայնքի միանձնյա տեր ու տիրական չզգա ու հասկանա, որ պատասխանատու է ավագանու առջև, հերթական անգամ, կարծես դիտավորյալ, պարզապես ներառված չեն այս փոփոխություններում: Նախագծի հեղինակներն այս գործն արել են, որ ընդամենն ասեն՝ օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցրել ենք, բայց դե «գեղից մարդ չկա» սկզբունքով մտածել են, ո՞վ պիտի կարդա ու խորանա բովանդակության մե՞ջ:
Գործող իշխանության կողմից Օրենքի նկատմամբ քամահրական վերաբերմունքի հերթական օրինակն է սա, ընդունված գործելակերպ, ու փաստ է, որ սահմանադրական ցանկացած պահանջ միայն Սահմանադրության գրքի թղթերի վրա են գրված բավական չէ, դրանք Երևանի մասին օրենքի թղթի վրա անգամ չեն ուզեցել ամրագել: Նախագծի «փոփոխության» մշակներն ընդամենը մեխանիկական փոփոխություններն են արել ու չնայած գրել են «անխուսափելիորեն պետք է ամրագրվեն», այդպես էլ չեն ամրագրել ՀՀ սահմանադրության հետևյալ կարևոր կետերը.
87-րդ հոդվածը. Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները: Չկա:
179-րդ հոդվածը. «Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը»։ Չկա:
183-րդ հոդվածը. «Համայնքի բնակիչները կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հանրային հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով»։ Չկա:
182-րդ հոդվածի 4-րդ կետը. «Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև»։ Չկա:
Այնինչ, այսօր համայնքների ղեկավարներն իրենց ապօրինի կարգադրություններով ուղղակի սահմանափակում են ավագանու անդամի իրազեկված, տեղեկացված լինելու ու իրավունքը:
Էլ չեմ ասում այն մասին, որ չնայած հիմնավորման մեջ գրել են, թե սույն օրենքի նախագիծն անդրադառնում է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծից բխող փոփոխություններին եւ լրացումներին», երևի, ուղղակի մոռացել են անդրադառնալ ու ավագանու և համայնքի ղեկավարի ՏԻՄ օրենքով սահմանված նոր լիազորություններն ուղղակի չեն ամրագրել այս նախագծում:
Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներն այս օրենքի նախագծում արդեն ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ ու մենք ամբողջ թիմով հետամուտ ենք լինելու, որպեսզի դրանք անխուսափելիորեն ամրագրվեն այս օրենքում և ավագանին, որպես Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ, իսկապես դառնա համայնքի ղեկավարի գործունեությունը վերահսկող:
[b]Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյան
[/b]
Նմանատիպ նյութեր
1090 դիտում
13:45 15-12-2024
ԱԺ թանգարանում ոչ մի տեղեկատվություն չկա հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին․ Անահիտ Բախշյան
2298 դիտում
15:37 20-04-2019
Պարոն Վարչապետ, Ձեր թիմի պաշտոնյաներին վարակեք օրենքի պահանջները կատարելու նկատմամբ Ձեր օրինակով. Բախշյան
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար