211652_close_icon
views-count3179 դիտում article-date 14:59 21-09-2017

Տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական 1-ին փառատոնի բացման և հայ երաժշտարվեստի ականավոր գործիչների մեծարման հանդիսավոր արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո կայացավ «Նաիրի» համահայկական փառատոնի մրցանակաբաշխություն-շքահանդեսը: Այն տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում` ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների, Հայաստանի կոմպոզիտորների միության և «Նաիրի» հիմնադրամի հետ համատեղ: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշեց. «Փառատոնը ավանդականի, դասականի ու արդիականության միահյուսման ու ազգայինի մեծարման առիթ է: Այս տպավորությունն ու զգացողությունը պայմանավորված է այն մարդկանց ներկայությամբ, ովքեր հիմա այստեղ են՝ մեր միջոցառման հերոսները, ովքեր երկար տարիներ իրենց անզուգական արվեստով հուզում և ոգևորում են Հայաստանն ու աշխարհը: Նրանց անուն-ազգանուններն արդեն իսկ խորհրդանշում են մեր ժողովրդին, նրանց ձեռքում, շուրթերին, լեզվին հայ խոսքը դառնում է մեղեդի, երգ: Այսօր մեր գնահատանքի, սիրո, անսահման երախտագիտության խոսքն ենք ուղղում մեր մեծերին, ովքեր հայ երգի ու երաժշտարվեստի հսկաներն են և օրինակ են նոր սերնդի, երիտասարդության համար, ովքեր շատ տաղանդավոր են և ունակ են դառնալու նրանցից յուրաքանչյուրի արժանի հետևորդը: Այսօր մեծարելով նրանց՝ մենք նաև ճանապարհ ենք բացում երիտասարդների համար: «Նաիրի» փառատոնի մեկնարկը շնորհավորելով և մաղթելով բարի երթ՝ ուզում եմ նաև շնորհավորել բոլոր նրանց, ովքեր այսօր մրցանակակիրներ են, սիրելի, թանկ մարդիկ՝ «Դուդուկի կախարդը»՝ վարպետ Ջիվան Գասպարյանը, «Քանոնի թագուհին»՝ Անժելա Աթաբեկյանը, «Կախարդական փայտիկի տիրակալը»՝ Հովհաննես Չեքիջյանը, «Թավջութակի թագուհին»՝ Մեդեա Աբրահամյանը և մյուսները, փառք ու պատիվ ձեզ: Շնորհակալ եմ ձեր գործունեության, ձեր եզակի մարդկային և պրոֆեսիոնալ տեսակի համար: Թող մաքրազարդվի հայ մշակույթը, թող աշխարհասփյուռ հայությունը զորանա իր ազգային արժեքներով, թող կարող, ուժեղ, մրցունակ Հայը շարունակի իր ձեռագիրն ունենալ ու հարատևել ոչ միայն մշակույթի, այլև բոլոր բնագավառներում»: Փառատոնի մրցանակաբաշխությունն առանձնացավ իր բացառիկությամբ: Մրցանակակիրները, հայ մշակույթում իրենց ունեցած մեծ ու ակնհայտ ներդրման համար, ստացան վաղուց վաստակած մրցանակները, իսկ հանդիսատեսին բախտ վիճակվեց վայելել նրանց ներկայությունը: «Նաիրի» մրցանակ հանձնվեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին: Հատուկ մրցանակի արժանացավ նվագարանների լավագույն վարպետներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դուդուկների տարատեսակներ ստեղծած վարպետ Գեորգի Մինասովը: «Նաիրի» մրցանակ հանձնվեց ՀՀ ժողովրդական արտիստ, թավջութակահար Մեդեա Աբրահամյանին: Հատուկ մրցանակի արժանացավ երիտասարդ, բայց արդեն իր փայլուն ելույթներով միջազգային մեծ ճանաչում ձեռք բերած տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: «Հարվածային նվագարաններ» անվանակարգում «Նաիրի» մրցանակ հանձնվեց դհոլահար Գագիկ Հախվերդյանին: «Նաիրի» մրցանակներ ստացան ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը: Հնչեց Հայաստանի կոմպոզիտորների միության և «Նաիրի» փառատոնի ժյուրիի նախագահ Արամ Սաթյանի նոր ստեղծագործությունը «Վոկալիզը», որ գրվել է հատուկ «Նաիրի» փառատոնի համար: «Կոմպոզիտոր» անվանակարգում «Նաիրի» գլխավոր մրցանակը հանձնվեց Վլադիլեն Բալյանին: Փառատոնի հատուկ հյուրն էր աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը, ում հանձնվեց «Արտյոմս» ոսկերչական տան սահմանած հատուկ մրցանակը: «Դասական երգիչ» անվանակարգում «Նաիրի» մրցանակի արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը: «Դասական ստեղնաշարային նվագարաններ» անվանակարգում «Նաիրի» մրցանակի դափնեկիրը ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանն էր: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ հանձնվեց հատուկ մրցանակ: Հատուկ մրցանակի արժանացավ երաժշտագետ, բանագետ, արվեստագիտության թեկնածու, կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլեվանյանը: «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի սեփականատեր, ռուսաստաբնակ գործարար, «Նաիրի» փառատոնի գլխավոր հովանավոր Գրիգոր Ղուկասյանը իր բարեգործական, ինչպես նաև հայ երգն ու երաժշտությունը հանրահռչակելուն ողղղված գործունեության համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով պարգևատրվեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: Վերջում Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանին շնորհվեց «Լավագույն խմբավար» մրցանակը: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ հնչեց «Նաիրի» փառատոնի օրհներգը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր